Այստեղ երկգլխանի մարդ կա՞. Լարիսա Ալավերդյանի հարցը ԱԺ-ում կրկնակի քվեարկող հանրապետականներին

15:18 • 09.02.12

Եթե մինչև այսօր ժամը 13.15-ը «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դեռ որոշ հույսեր է ունեցել, որ ՀՀԿ-ն հնարավոր է՝ նույնացնի խոսքն ու գործը և ինչպես հայտարարում է՝ լավ ընտրություններ անցկացնի, ապա այսօր այդ վերջին հույսն էլ է մահացել: Այս մասին «Ժառանգության» պատգամավորն ասաց այսօր լրագրողների և մի շարք քաղաքական ուժերի հետ կլոր սեղանի ժամանակ:

Նշենք, որ քիչ առաջ, Ազգային Ժողովում Լարիսա Ալավերդյանը նկատելով ուրիշի փոխարեն քվեարկող ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների՝ Արեգ Ղուկասյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին, բացականչել է՝ «այստեղ երկգլխանի մարդ կա՞»:

Դիմելով ԱԺ նախագահողին՝ Լարիս Ալավերդյանը նկատել է, որ ակնահայտորեն քվորում չկա: Լարիսա Ալավերդյանի այս նկատառմանը ի պատասխան ԱԺ նախագահությունից հայտնել են, որ քվորումն ապահովված է:

Սակայն ավելի ուշ նրան մասնավոր զրույցում կրկնակի քվեարկած հանրապետական պատգամավորներից մեկը հարցրել է. «Ինչ անեին՞ք, որ քվորում չկար»։

Տիկին Ալավերդյանը ի պատասխան նկատեց, որ «ավելի լավ կլիներ, որ 20 րոպե ընդմիջում վերցնեին։
Նշենք նաև, որ «Ժառանգության» մեկ այլ կին պատգամավոր, Անահիտ Բախշյանը սովորության համաձայն ԱԺ նիստերի ժամանակ մտովի հաշվում է ներկա պատգամավորներին և քվորումով արձանագրված քանակի միջև խախտում լինելու դեպքում պարբերաբար բարձրաձայնում է դրանց մասին։

Նշենք, որ ԱԺ քվեարկության օրինակը բերվեց «ՏԻՄ ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք » թեմայով կլոր սեղանի ժամանակ, որում ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը կրկնում էր, որ իշխող քաղաքական կուսակցությունը ունի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու բավարար քաղաքական կամք:

Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ իշխանությունը, իշխող կուսակցությունը չի կարողանում ձերբազատվել կեղծելու սովորույթից: «Սովորույթ է դարձրել կեղծարարությունը» ,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ սա օտարների կողմից վերջերս սկսել է նույնացվել հայ ժողովրդի որակական հատկանիշների հետ:
Մասնավորապես, մարդու իրավունքների առաջին պաշտպանը հիշեցրեց, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր վերջին զեկույցներից մեկում գրել էր, որ «հայերը կեղծում են»: Լարիսա Ալավերդյանն այս առնչությամբ նշեց, որ կեղծում են ոչ թե հայերը, այլ իշխանությունը չի կարողանում ձեռքից բաց թողնել լծակները և թողնել «վատ սովորույթը»՝ կեղծելը:

Ճակատագրի հեգնա՞նք է , թե ոչ, բայց, նկատենք, որ հենց երեկ ԱԺ-ն քննարկում էր կոալիցիոն պատգամավորների հեղիակած «Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը, որով «բարոյխրատական« տույժեր են նախատեսվում ուրիշի փոխարեն քվեարկողների համար: