Վարչակարգից բացի ոչ ոք չի հավատում արդար ընտրությունների մասին խոստումներին
Հայաստանի իշխանություններից բացի ոչ ոք չի հավատում ազատ արդար ընտրություններ անցկացնելու մասին խոստումներին, այս մասին «ՏԻՄ ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք» խորագրով այսօր հրավիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Թամազյանը:
Կլոր սեղանին մասնակցող` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ամբողջությամբ համաձայնեց Թամազյանի հետ:
Հիշեցնենք, որ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» կոնգրեսի նիստին ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ի համապետական ընտրությունները լավագույնն են լինելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
Հարցին, թե արդյոք «ամբողջատիրություն» չէ , երբ ՀՀ բոլոր համայնքներում չնչին բացառություններով համայնքի ղեկավարներն իշխող կուսակցության ներկայացուցիչներ են, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը պատասխանեց` ասելով, որ ի տարբերություն խորհրդարանական և նախագահական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները այլ քաղաքական ուժերի կողմից այնքան էլ չեն կարևորվում, քանի որ համայնքի ղեկավարի աշխատանքը ենթադրում է կոնկրետ աշխատանք և կոնկրետ պատասխանատվություն:
Հովհաննես Սահակյանը նաև նշեց, «Ընտրական օրենսգրքի» վերջին մշակման ժամանակ իրենք նույնիսկ փորձել են «քաղաքականացնել» ՏԻՄ ընտրությունները՝ սահմանելով, որ համայնքի ղեկավարները և ավագանիները կարող են առաջադրվել նաև իրենց տարածքի քաղաքական կազմակերպությունների կողմից:
«Ներքևի հատվածից սկսվում է հենց ամեն ինչը. եթե դու համայնքային օղակում չես ուզում վերցնել պատասխանատվություն, ապա պարզ է, որ համապետական ընտրությունների ժամանակ կունենաք ավելի քիչ արդյունք»,- ասաց հանրապետական պատգամավորը՝ ՀՀՇ –ական Սարգիս Թամազյանին մեղադրելով, թե ինչու ՀՀՇ-ն ինքնաբացարկով հանեց Սպիտակում առաջադրված իր թեկնածուին:
Պատասխանելով այս մեղադրանքին՝ Սարգիս Թամազյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ Սպիտակում իրենց առաջադրումը չէր կարող ապահովել այն էֆեկտն ու արդյունքը, ինչ Հրազդանում: « Եվ Սասուն Միքայելյանը , և տեղական կառույցը որոշել էին, որ առաջադրվելով՝ կարող են այդ բուրգին խփել, ճեղք առաջացնել, ի տարբերություն Սպիտակի կառույցի, որտեղ հաշվարկն այլ էր»,- ասաց Թամազյանը:
Այնուհետև Սարգիս Թամազյանը ՀՀԿ-ական պատգամավորին հարցրեց, թե ինչ ազատ, արդար ընտրություններից են խոսում, եթե արդեն Սասուն Միքայելյանի հանդիպումներին մասնակցելու համար մարդիկ են հեռացվում աշխատանքից, մերժվում են ընդդիմադիր թեկնածուի և քաղաքի խոշոր ձեռնարկությունների կոլեկտիվների հետ հանդիպումները, իսկ մարզպետն էլ բացահայտ քարոզչություն է անում ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի օգտին՝ ցույց տալով իր համակրանքներն ու հակակրանքները:
ՀՀՇ անդամը նկատեց նաև, որ ԿԸՀ-ն մերժում է ԱՄՆ դեսպանատան՝ Հրազդանում դիտորդական առաքելություն անցկացնելու դիմումը:
Ինչ վերաբերում է Լարիսա Ալավերդյանին, ապա նա ասաց, որ ազատ, արդար ընտրությունների մասով իր վերջին հույսը կորցրել է այսօր՝ ԱԺ քվեարկություններին հանրապետականների քվեարկությունը տեսնելով:
Հովհաննես Սահակյանը չի թաքցնում՝ եթե մարզպետը հանրապետական է,ապա բնական է, որ համակրանքները կլինեն ՀՀԿ-ական թեկնածուի հանդեպ և նրան «կպահի»: Ըստ Սահակյանի՝ այլ բան է, որ դա չանի աշխատանքի ժամին:
«Նաև մամուլով գրվեց, որ Հրազդանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի թիմակիցներն են: Մարդը եթե աշխատել է երկար տարիներ, չունենա՞ թիմակիցներ»,- հարցրեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ Հրազդան այցելելով նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց կանխորոշել ընտրությունների ելքը՝ աջակցելով հանրապետական Արամ Դանիելյանին, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ նա ոչ միայն ՀՀ նախագահն է, այլև «Հանրապետական» կուսակցության նախագահը:









