Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապացությամբ՝ Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել նրան հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել:
«Համոզված եմ , որ Ձեր և Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի»,– ասել է քաղաքապետը։
Դեսպան Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով, առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում։
Ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները` «Վստահ եմ , որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը», – նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր։
Դեսպան Լիչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ավանդը բերելու Երևանի և բրիտանական քաղաքների միջև կապերի հաստատմանը. «Ուրախ եմ, որ մեր տեսակետներն այս առումով համընկնում են և համոզված եմ, որ արդեն շուտով տեսանելի արդյունք կունենանքե», – նշել է դեսպանը։









