Քաղհասարակության արմատավորման համար շատ անելիքներ ունենք. վարչապետ
Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով դեռ շատ անելիքներ կան, այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում չորս տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն:
Սարգսյանը նաև անդրադարձավ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության` վերջրես հրապարակած մամուլի ազատության ինդեքսին, որում Հայաստանը 24 տեղով բարելավել է իր վարկանիշը։
«Հայաստանը այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց և դա նաև բավական լուրջ քաղաքական գնահատական է»,- ասաց նա։
«Կարծում եմ, որ այս գործում էական դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության ազատ մամուլը։ Մենք դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում, և կարծում եմ` սա լուրջ առաջընթաց է»,- ավարտեց նա:
Վարչապետը նաև նշեց, որ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին վերաբերող միջազգային բոլոր ինդեքսները:
«Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում միջազգային բոլոր ինդեքսները, որոնք բնութագրում են Հայաստանի Հանրապետությունը, արձանագրում ենք այն պրոբլեմները, որոնք առկա են այդ բնագավառում և այն հաջողությունները, որոնք մենք ձեռք ենք բերում»,- ավելացրեց Տիգրան Սարգսյանը:









