Բանկերը լոբբինգ են անում կառավարության միջոցով՝ ազատ դրամական միջոցները կենտրոնացնելու իրենց ձեռքում. ՀԱԿ ներկայացուցիչ

14:58 • 09.02.12

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքը ինքնին դրական երևույթ է, սակայն Հայաստանի համար դա ժամանակավրեպ է: ԱԺ խորհրդարանում արդեն տապալված օրենքի մասին նման կարծիք ունի ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: «Հենց նույն օրենքում նշված է սրա մասին: Սա ցանկացած հասարակության համար ցանկալի օրենք է, բայց Հայաստանի պարագայում բանկերը լոբբինգ են անում կառավարության միջոցով: Փորձում են ազատ դրամական միջոցները կենտրոնացնել իրենց ձեռքում»,- ասաց նա:

Զոյա Թադևոսյանը չի կիսում այն տարածված տեսակետը, թե այս օրենքի ընդունմամբ ՀՀԿ-ն փորձում է ԲՀԿ-ին զրկել ռեսուրսներից:

«ԲՀԿ-ում լավ գիտեն, որտեղ պահեն իրենց փողերը, որ բանկերում: Բոլոր օլիգարխները բանկ ունեն: Հասարակ քաղաքացին է տուժում, սա հարված է փոքր ու միջին բիզնեսին»,-ասաց Զոյա Թադևոսյանը:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը ևս հավաստիացրեց, օրենքի ընդունումը ԲՀԿ-ի հետ որևէ կապ չունի և միաժամանակ այդքան զարմանալի էլ չէ նրանց քայլը, որովհետև իրենց իրավունքն է:

«Միգուցե հարցը նման արձագանք չստանար, եթե քվեարկությունից առաջ ԲՀԿ ներկայացուցիչները ելույթ ունենային և հայտնեին իրենց դիրքորոշումը»,-ասաց Արտակ Դավթյանը: