Ամերիկահայերը նամակ են գրել Քլինթոնին. պահանջում են հստակեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ ղեկավարության որդեգրած քաղաքականության առնչությամբ նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատատարակվող «Ասպարեզ» պարբերականը, Քլինթոնին ուղղված նամակում հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ամերիկահայ համայնքի անունից իր վրդովմունքն է հայտնում Հայոց ցեղասպանության առնչությամբ պետքարտուղար Քլինթոնի վերջին հայտարարության առնչությամբ:
Հունվարի 26-ին ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը, պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հայտարարել էր, թե «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»։ «Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ դա (Հայոց ցեղասպանության հարցը) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»,–ասել էր Քլինթոնը։
Պետքարտուղարն անդրադարձել էր նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և ասել, թե այդ օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը: «Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում»,–հավելել էր Քլինթոնը։
Վեց էջից բաղկացած նամակում Քեն Խաչիկյանը նաև մի շարք հարցեր է ուղղում պետքարտուղարին` պաշտոնական Անկարային սիրաշահելուն ուղղված ԱՄՆ-ի ներկայիս և նախկին վարչակարգերի ձախողված քաղաքականության վերաբերյալ :
«Հարցերի ազնիվ և անկեղծ պատասխանները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության հստակեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը կարող են նաև հիմք ծառայել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կառավարության միջև երկխոսության համար, ինչն էլ վերջ կդնի Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն ԱՄՆ-ի մեղսակցության դարաշրջանին,- գրում է Խաչիկյանը և հավելում,- Ավելի լայն իմաստով, այս հանցագործության (Հայոց ցեղասպանության) ամբողջական և պաշտոնական ընդունումը կարևոր քայլ կլինի մարդկության համար չարիք հանդիսացող ցեղասպանությունների շղթայի վերջը դնելու համար»:
Խաչիկյանի հարցերից մեկը, օրինակ, վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի`Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման փոփոխությանը: «Եվ Դուք, և Բարաք Օբաման ԱՄՆ Սենատում աշխատելու տարիներին համապատասխանաբար 2006թ. ապրիլի 20-ին և 2005թ. ապրիլի18-ին նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակներում նրան պաշտոնապես կոչ եք արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երկու նամակներն էլ այն մասին էին վկայում, որ Հայոց ցեղասպանությունը «1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության սիստեմատիկ և կանխմատածված քարոզարշավ է, և որ ցեղասպանության զոհերն արժանի են մեր կողմից հիշվելու և պատմության մեջ մնալու: Գրել էիք, որ ԱՄՆ-ի ժողովրդի և համաշխարհային հանրության շահերից է բխում անցյալը հիշելը և մարդկայնության դեմ իրականացված հանցագործություններից դասեր քաղելը, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Միթե այսօր դուք զղջում եք այդ խոսքերի համար, կամ փորձում եք հրաժարվել նամակներում արտահայտված դիրքորոշումից»,-հարցնում է Խաչիկյանը:









