Ավելի քան 5 ժամ դադարից հետո «Զվարթնոցը» վերականգնում է չվերթները

19:04 • 10.02.12

Այսօր ժամը 15:45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները վերականգնվել են և այժմ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի, այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ չբացառելով, որ ինչ-որ մի պահի, եթե եղանակային պայմանները վատանան, օդակայանի աշխատանքները նորից դադարեցվեն:

«Եթե ձյան ինտենսիվությունն ուժեղանա, և վազքուղին չհասցնենք մաքրել»,- ասաց Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք, որ այսօր առատ ձյան հետևանքով առավոտյան 10.00-ից դադարեցված էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը:

Առաջին չվերթն ըստ Նելլի Չերչինյանի՝ իրականացվել է «Աերոֆլոտ» ավիաընկերությունը դեպի Մոսկվա , ապա՝ Աթենք և այլ ուղղություններով:

Քաղավիացիային հայտնի չեն ուղևորների դժգոհության կոնկրետ փաստեր, սակայն մանրամասների համար առաջարկեցին զանգահարել «Արմավիա» ընկերություն, քանի որ հետաձգված չվերթներից միայն 13–ը սպասարկել է Հայաստանի ազգային փոխադրողը:

«Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտնեց, որ ընկերությունը հետաձգված չվերթների ուղևորների փոխհատուցումը իրականացրել է համաձայն Միջագային տրանսպորատային ասոցիայի կողմից սահմանված բոլոր չափորոշիչների`մինչև երեք ժամ հետաձգման դեպքում՝ բուտերբրոդներ և կապի միջոցներ, երեք ժամից հետո նաև՝ կացարան: