2011 թ.-ի լավագույն լուսանկարը
World Press Photo մրցանակաբաշխության ժյուրիի որոշմամբ` 2011 թ-ի լավագույն լուսանկար է ճանաչվել եմենցի կնոջ լուսանկարը, ով պատկերված է ավանդական մուսուլմանական հագուստով և կրծքին է սեղմում իր վիրավոր ազգականին:
Լուսանկարի հեղինակն իսպանացի լուսանկարիչ Սամուել Արանդան է, ով այդ լուսանկարն արել էր The New York Times պարբերականի համար: Լուսանկարն արվել է, երբ ցուցարարները Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող մզկիթներից մեկն օգտագործում էին որպես հոսպիտալ` վիրավորներին բուժելու համար:
Ժյուրիի որոշմամբ` լուսանկարը «ցույցադրում է անհավատալի իրավիճակում մարդու գոյության դառը պահերը, որը շարունակվում է մինչ այսօր»:
«Երբեք չենք իմանա` ո՞վ է այդ կինը, բայց նրա կերպարն արիության օրինակ է հասարակ մարդկանց համար», - ասել է ժյուրիի նախագահը, գրում է Reuters-ը:
World Press Photo-ն Նիդերլանդների արքայազնի հովանավորությամբ գործող կազմակերպություն է:
Կազմակերպությունը 1955 թ.-ից սկսած ամեն տարի Ամստերդամում միևնույն խորագրով մրցույթ է անցկացնում: Պարգևներ հանձնվում են 10 տարբեր անվանակարգերում, որոնցից ամենանշանակալիցը «Տարվա լուսանկար» պարգևն է:










