ՌԴ պետդուման ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է Սիրիայի հարցում չեզոք լինել

22:55 • 10.02.12

ՌԴ պետդուման միաձայն հավանություն է տվել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն արտահայտող հայտարարությանը, որով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում անկողմնակալ լինել Սիրայի հարցում:

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչների դիրքորոշումը լիովին համընկնում է Ռուսաստանի իշխանության` սիրիական խնդրի կարգավորման հարցում որդեգրած քաղաքականությանը, որը ենթադրում է կողմերի բռնություններից համատեղ հրաժարվելու հիմքի վրա երկրի ներսում արդյունավետ երկխոսություն:

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Դուման չափազանց կարևոր է համարում, որ ՄԱԿ-ը և մասնավորապես անվտանգության խորհուրդը ոչ մի դեպքում կողմնակալ դիրք չգրավի: Անհավասարակշիռ մոտեցումը, որը փաստացի առկա էր ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին որոշման նախագծում, խաթարել է իրավահավասար և կառուցողական երկխոսության հնարավորությունները»: 

ՌԴ Դումայում համարում են, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ այն պետությունները, որոնք ներսիրիական հակամարտության սրման պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի և Չինաստանի վրա, միտումնավոր կերպով համաշխարհային հանրությանը թյուրիմացության մեջ են գցում իրենց սեփական շարժառիթների ու մտադրությունների մասով, ինչպես արեցին Լիբիայի պարագայում: