«Եվրացրտերը» արգելափակել են Եվրոպայի ջրային ռեսուրսները

23:19 • 10.02.12

Համաշխարհային լրատվամիջոցները կարծես թե նոր եզրույթ է շրջանառության մեջ մտել` «եվրացրտեր» (Euro cold)` բնութագրելու սաստկացող սառնամանիքը Եվրոպայում, որին արդեն բազմաթիվ մարդիկ են զոհ գնացել:

Ըստ ռումինական լրատվամիջոցների` ուրբաթ օրվա դրությամբ երկրում ևս 13 մարդ է մահացել ցրտերից: Հազարավոր մարդկանց երթևեկությունն էլ սահմանափակվել է, քանի որ Դանուբ գետի որոշ մասերով նավարկությունն անհնար է դարձել սառցակալումների պատճառով: Դանուբը Եվրոպայի խոշորագույն ջրային առևտրական ուղին է:

Ռումինիայի առողջապահության նախարարության տվյալներով` 220 անօթևան մարդ է տեղափոխվել հատուկ կացարաններ, իսկ երկրում ջերմաստիճանը հասել է մինուս 20-ի:

Սերբիայի իշխանությունները տեղեկացրել են, որ իրենց էներգետիկ համակարգը երկար չի դիմանա ցրտերին: Նրանք նաև նախատեսում են պայթեցնել Դանուբի սառցակալած հատվածները, որպեսզի խուսափեն ջրհեղեղներից, որպիսիք նույն պատճառներով տեղի էին ունեցել Հունաստանում և Բուլղարիայում` խլելով 8 մարդու կյանք և ջրի տակ թողնելով տասնյակ տներ:

Բեռլինում ցրտերի պայմաններում գործում են հատուկ մեքենաներ, որոնք ապաստան են դառնում բոլոր կարիքավորների համար:

Բուլղարիան հայտնել է, որ դադարեցնում է էլեկտրականության մատակարարումը հարևան երկրներ, քանի որ դրա տեղական սպառումն աճել է: Բուլղարական էլեկտրաէներգիայից զրկված երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Սերբիան և Մակեդոնիան:

Հռոմում էլ քաղաքապետը խիստ քննադատության է ենթարկվել քաղաքի կաթվածահար վիճակի համար:

Սառցակալել է նաև Ժնի լիճը: