ՄԱԿ-ի լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը
ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կայացել է «Հայաստանի երիտասարդությունը հանուն մարդու իրավունքների» ցուցահանդեսի բացումը : Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ինտեգրում» հասարակական կազմակերպությունը: Հայաստանում միջոցառումը անց է կացվում երկրորդ անգամ: Առաջին ցուցահանդեսը կայացել է 2011 թվականի ամռանը` սիրահարների այգում:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է տեղեկացնել հասարակությանը, մասնավորապես երիտասարդներին, իրենց իսկ իրավունքների մասին: «Ցուցահանդեսին ներկայացված են երիտասարդ մասնակիցների լուսանկարները, ովքեր հաճախ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում մեր կողմից կազմակերպվող միջոցառումների շրջանակներում»,– նշել է «Հայաստանի երիտասարդությունը հանուն մարդու իրավունքների» նախագծի ղեկավար Գայանե Այվազյանը:
«Հայաստանի երիտասարդությունը հանուն մարդու իրավունքների» նախագիծը տարաբնույթ միջոցներ է նախաձեռնում` հասարակության տարբեր շերտերի շրջանակներում խնդրի վերաբերյան տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Միջոցներից մեկը նախագծի սեփական բլոգն է, ինչպես նաեւ պաշտոնական խումբը Facebook սոցիալական կայքում: Համացանցը հիմնական միջոցներից է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը ժողովրդականացնելու համար:
«Իրականում, այս լուսանկարներում բավականին խորը միտք է թաքնված: Դրանք ակնհայտ ցուցադրում են, թե ինչպես մարդու իրավունքների մասին հռչակագրում և Հայաստանի սահմանադրության մեջ ներկայացված սկզբունքները կարելի է իրականացնել պրակտիկայում»,– ասել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հասարակության հետ կապերի ղեկավար Մարիա Դոցենկոն:
Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչեւ փետրվարի 24-ը:









