ՆՓԱԿ-ում կցուցադրվի քանդակագործ Միսակ Մաղաքյանի «Քարի հոգին»

18:52 • 10.02.12

2012թ. Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) 20 տարեկան է դառնում և Հոբելյանական տարվա ընթացքում սպասվող բազմաթիվ միջոցառումներից առաջինը` քանդակագործ Միսակ Մաղաքյանի ցուցահանդեսն է, որի բացումը տեղի կունենա այսօր:

Միսակ Մաղաքյանի քանդակների և ինստալյացիաների անհատական ցուցահանդեսը կանցնի «Քարի Հոգին» խորագրի ներքո:

1990-ական թվականներին Միսակ Մաղաքյանը ՆՓԱԿ-ի գաղափարների դրսևորման առաջին մասնակիցներից էր: Քանդակագործը մասնակցել է կենտրոնում կազմակերպված բազմաթիվ ցուցադրությունների: Այդ բուռն շրջանից հետո, Միսակը առանձնացել է իր արվեստանոցում: Տասը տարուց ավել քանդակագործը հեռու է մնացել ցանկացած տեսակի հանրային ցուցադրություններից և միջոցառումներից` ավելի կենտրոնանալով իր բնակավայրի և արվեստանոցի վրա:
Երկար դադարից հետո Միսակ Մաղաքյանը որոշել է ՆՓԱԿ-ը վերածել իր արվեստանոցի` 10 տարուց ավել ընթացած պրպտումների և խմորումների հանրագումարը ներկայացնելով այցելուների դատին: Ներկայացված գործերը առանձնանում են հակադրական և հետաքրքրական տարրերով:

«Շատ ուրախ եմ, ար Միսակի մոտ, վերջապես, հասունացավ իր աշխատանքները հանրությանը ներկայացնելու պահը: Իր կավի գործերի մեջ տեսնում եմ դրամատիզմը, հասարակական տարաբնույթ խնդիրները: Հակադրությունը ակնհայտ է անձեռակերտ քարերում, իսկ Միսակի` քարերի հանդեպ ունեցած ընդգծված փիլիսոփայական մոտեցումը ստիպում է այցելուներին հանդիպել ակնհայտի հետ: Բայց միևնույն ժամանակ գրավիչ խաբկանք եմ նկատում աշխատանքներում», նշել է ՆՓԱԿ Գեղարվեստական Խորհրդի ղեկավար, ռեժիսոր Գագիկ Ղազարէն:

Խոսելով ցուցահանդեսի մասին` քանդակագործը նշում է, որ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները արվեստանոց են տեղափոխվել հենց բնության գրկից: «Այնտեղ, որտեղ ես ապրում եմ` հենց Արարատյան դաշտի եզրն է: Հետաքրքիր կուտակված էներգիա կա այդտեղ, ու այս աշխատանքները ստեղծելիս` շփումս հենց այդ էներգիայի հետ է եղել: Պատկերացրեք, այն քարերը, որ ներկայացվում են, ավելի շատ հենց բնության գրկում են գտնվում»,- ասում է Միսակ Մաղաքյանը:

Ցուցահանդեսին ցուցադրված են նաև բնօրինակով ներկայացված կավե աշխատանքներ, որոնց քանդակագործը «Հողի Ծնունդ» է անվանել: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների շարքում են նաև բրոնզե աշխատանքներ:
Քանդակագործը դեռևս չի խոսում գործունեության շարունակության մանրամասների մասին, սակայն վստահեցնում է, որ ցուցահանդեսին ներկայացված անավարտ աշխատանքները, անպայման, կունենան իրենց շարունակությունն ու կստանան վերջնական տեսքը:

«Ես շարունակական փնտրտուքների մեջ եմ: Կավի և քարե հարաբերությունը ի սկզբանե է եղել: Դա ներածական շփման արդյունք չէ: Ես չէի կարող հրաժարվել այդ նյութերից, որովհետև` հստակ են ներսումս: Իհարկե, աշխատում եմ նաև այլ նյութերով»,- ասում է Միսակ Մաղաքյանը:

Միսակ Մաղաքյանը ծնվել է 1962թ. Միասնիկյան գյուղում: Այժմ էլ բնակվում և ստեղծագործում է այնտեղ: Քանդակագործը խոստովանում է, որսերը քարի հանդեպ սկսվել է վաղ տարիքից: Միսակ Մաղաքյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: