Vitamin-ի Գարիկը ուզում է «Դորիանս»–ին տեսնել «Եվրատեսիլ 2012»-ի բեմում

22:08 • 10.02.12

Vitamin ակումբի ռեզիդենտ, հումորիստ Գարիկ Պապոյանը կիսվեց Tert.am-ի հետ իր կարծիքով` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում Հայաստանի մասնակցության վերաբերյալ: «Չգիտեմ, թե ինչպես են ընտրելու հայաստանյան մասնակցին և չգիտեմ, թե արդյոք ով է հայտ ներկայացրել, բայց եթե ինձ հարցնեին` միանշանակ կնշեի «Դորիանս» խմբի անունը: Ուզում եմ, որ նրանք Հայաստանը, անպայման, որևէ տեղ ներկայացնեն, եթե այժմ «Եվրատեսիլն» է առջևում` ուրեմն այնտեղ: Եթե «Դորիանս»-ը ներկայացնի մեր երկիրը, ես չեմ ամաչի: Իսկ շատ դեպքերում ես ամաչել եմ ու կամաչեմ»,– ասում է Գարիկը:

Վերջինս չի բացառում նաև այն փաստը, որ երգի մրցույթին մասնակցելու Բաքու կարող է մեկնել նաև իգական սեռի ներկայացուցիչ: Այդ դեպքում Գարիկը բեմում Նարինե Դովլաթյանին է տեսնում` «Եթե որոշվի, որ աղջիկ է գնալու, շատ կուզենամ, որ Նարինե Դովլաթյանը ներկայացնի Հայաստանը»,– մեզ հետ զրույցում ասաց նա:

Գարիկը խոստովանում է, որ երբեք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում լավ երգ չի լսել, բայց եթե իր նշած անուններից որևէ մեկը մեկնի Բաքու ու ներկայացնի Հայաստանը, այդ ժամանակը բոլորը լավ երգի ականատես կդառնան: «Աշխարհն էլ կկարողանա լավ երգ լսել, եթե մեկնի «Դորիանս» խումբը կամ Նարինե Դովլաթյանը: Երբ ասում են` «Եվրատեսիլի երգ եմ գրել», պատասխանը միշտ նույնն է`«Բայց սա Եվրատեսիլի երգ է՞»: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ ներկայացվող երգերը թույլ են, պրիմիտիվ ու հիշվող: Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա մեկնել` պրիմիտիվ երգեր ներկայացնող երգի մրցույթին մասնակցելու»,– հռետորական հարցադրում է անում նա:

Vitamin ակումբի հաղորդավարի կարծիքով կարևորը ոչ թե մրցույթին մասնակցելն է, այլ չամաչելը` արածի, ներկայացրածի համար: «Թող այնպես լինի, որ մարդիկ ասեն` նրանք էին արժանի, ինչու՞ ուրիշը հաղթեց»,– համոզված է Գարիկը:
Հումորիստ Գարիկ Պապոյանը, ով նաև հայտնի է որպես երգիչ, գործիքավորող, ժպիտով է մոտենում Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012’’ երգի մրցույթին մասնակցելու իր թեկնածությանը ու կրկին հավելում` «Ուզում եմ, որ «Դորիանս» խումբը մեկնի ու ավելի մեծ բեմից բոլորը ճանաչեն ու լսեն նրանց: