Սարկոզին հրեաներին կոչ է արել պաշտպանել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

12:08 • 10.02.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայում գործող հրեական կազմակերպություններին կոչ է արել պաշտպանել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ֆրանսայի հրեաների ներկայացուցչական խորհրդի (CRIF) ներկայացուցիչների հետ ամենամյա ընթրիքի ժամանակ Սարկոզին 1915թ. դեպքերը Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն, որն իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) հետ է համեմատել և նշել, որ այդ հանցագործությունները մարդկայնության դեմ էին ուղղված:

«Թուրքիան մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն ունի, սակայն իր իրական մեծությունը ցույց տալու համար պետք է առերսվի իր պատմությանը: Յուրաքանչյուր երկիր պետք է խիզախություն ունենա նայել իր պատմության թե մութ, և թե լուսավոր էջերին,-ասել է Սարկոզին և հավելել,- Եթե մենք  այժմ ժխտենք մի ցեղասպանություն, ապա հետագայում էլ պետք է պատրաստ լինենք Հոլոսքոստի ժխտմանը, ուստի մեզ համար այդ հարցը սկզբունքային է»:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):

Սահմանադրական խորհուրդն օրինագծի առնչությամբ լսումներ կանցկացնի մինչև մարտի 1-ը: