Եվրոպան հետաձգեց Հունաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու մասին փաստաթղթի ստորագրումը
Եվրագոտու երկրները հետաձգել են Հունաստանին 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու մասին փաստաթղթի վերջնական ստորագրումը: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման որոշում է ընդունվել եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների` Բրյուսելում կայացած հանդիպմանը:
Հանդիպումից հետո, Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ չնայած վերջին օրերին գրանցված առաջխաղացմանը, վարկատուների (Եվրամիություն, Եվրոպայի կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) ոչ բոլոր պահանջներն են իրագործվել և ոչ բոլոր հարցերը պարզաբանվել, որպեսզի հնարավոր լիներ փաստաթուղթը ստորագրել:
«Այդ իսկ պատճառով Հունաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու վերջնական որոշումը դեռ չի կարող ընդունվել»,- ասել է նա: Ըստ Յունկերի` հունական կողմը պետք է երաշխիքներ տրամադրի, որ ապագայում ևս կշարունակի աջակցել տնտեսական բարեփոխումների ծրագրին:
Ինչպես հինգշաբթի հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը, Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Աթենքը համաձայնեցրել է Եվրամիության առաջարկած նոր տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական օգնության երկրորդ տրանշը ստանալու համար:
Հունաստանը պայքարում է Եվրոպայից ու Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական մասնաբաժինը ստանալու համար: Դրա համար «եռյակը»` Եվրամիությունը, Եվրոպայի կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, պահանջում են կրճատել բյուջետային ծախսերը:
Պապադեմոսը հանդիպում էր ունեցել նաև երկրի երեք առաջատար քաղաքական կուսակցությունների հետ` բարեփոխումների ծրագիրը քննարկելու նպատակով:
Իր պարտքերը կրճատելու համար, Հունաստանը պետք է կրճատի բյուջետային ծախսերը:









