Եթե փող չբաժանեն իմ ընտրվելու շանսը է 99,9% է. Գուրգեն Եղիազարյան
Չնայած «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» անդամ Գուրգեն Եղիազարյանը դեռ վերջնականապես չի որոշել առաջադրվելու է Կոտայքի 27 ընտրատարածքում,թե ոչ, սակայն իր ընտրվելու շանսերը գնահատում է 99, 9 տոկոս, եթե տեղի ունենան արդար ընտրություններ:
Tert.am –ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ արդար ընտրություններ ասելով` Գուրգեն Եղիազարյան նկատի ունի, եթե չօգտագործվի ընտրակաշառքը, շանտաժն ու դիտորդների, վստահված անձանց ու ընտրողների հանդեպ ահաբեկչությունը:
«Ինչո՞ւ եմ այդպես գնահատում, որովհետև մինչ օրս ոչ մի պատգամավոր մատը մատին չի տվել»,- ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանն ամենայն լրջությամբ հայտարարում է, որ իր առաջադրման նպատակը Կոտայքի մարզում գնաճի զսպումն է.«Տեսեք, թե վերջին 3-4 ընտրություններից հետո՝ լինի խորհրդարանական թե նախագահական, ինչ օրինաչափություն է ի հայտ գալիս, հաջորդ օրն իսկ թանկացնում են հացը: Սկզբում բաժանում են 5000-ական, հետո հացով անմիջապես տասնապատիկ ավել այդ գումարը հավաքում են: Այսինքն՝ ցանկացած ընտրություններից հետո Հայաստանում սկսվում է գնաճ. մարդիկ իրենց ծախսերը պետք է փակե՞ն, թե չէ »:
Եղիազարյանի խոսքով` ինքն առաջադրվում է, որպեսզի Կոտայքում «գյուղացիներին ազատի տարատեսակ վաշխառուներից». ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Կոտայքում գյուղեր կան, որոնց բնակիչների մինչև 30-40%-ն իրենց բնակարանները, սեփական տներն ու հողամասերը գրավադրել են բանկում:
Նշենք, որ Կոտայքի 27 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Մելիք Մանուկյանը, ով առավել հայտնի է որպես «Շշի Մելո» մականունով:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` առաջադրվելու վերաբերյալ վերջնական որոշում չկայացնելու պատճառն ընտրագրավի, բուկլետների տպագրման համար պահանջվող մեծ ծախսերն են:
ՀԱԿ-ում կա որոշում, ըստ որի, մեծամասնականներում առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ի անդամները կամ իրենք պետք է հոգան այդ ծախսերը կամ՝ կուսակցությունը, որին ներկայացնում է թեկնածուն:









