Ներկրող օլիգարխներին դարձնում են բանկային օլիգարխներ. Հրանտ Բագրատյան

13:20 • 10.02.12

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը ոչ թե ստվերի դեմ պայքարի միջոց է, այլ` ներմուծող օլիգարխներին ֆինանսական օլիգարխներ դարձնելու փորձ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Կրակն ենք ընկել, որ էդ մարդը բանկում է աշխատել, բանկի գործ էլ չգիտի, իսկ գյուղատնտեսության ոլորտն էլ ղեկավարում է գյուղմեխանիզացիան (ֆակուլտետը) ավարտած մարդ»,- ասաց ՀՐանտ Բագրանտյան` նկատի ունենալով վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

«Ի՞նչ են անում էս բանկերը, ասում են, որ երեք միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք: Հին հայտնի սովետական պատմություն է, սովետում էլ տենց թվեր կային: Տիգրան Սարգսյանը նրանց դարձնում է ֆինանսկան օլիգարխներ ու նրանց հասկացնում է, որ աշխարհում ուրիշ փող չկա»,- ավելացրեց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը օրինակ բերեց ՀԴՄ-ները, քանի որ, նրա խոսքով, ՀԴՄ-ների տեղադրելուց հարկերի տեսակարար կշիռը բնավ չավելացավ:

Հրանտ Բագրատյանը արած հայտարարությունները հիմնավորում է նաև «Տրանսպերենսի ինտերնեյշնլ» (Transparency International) կազմակերպության նախորդ տարվա զեկույցով, որտեղ Հայաստանը ստվերային գործունեության գործակցի ցուցանիշով 2011-ին 151 երկրների մեջ զբաղեցրել է 124-րդ տեղը: Իսկ ընդհանուր ցուցանիշը եղել է 47: «Այսինքն 47 տոկոսը փաստ է, 53-ը ստվեր»,-մեկնաբանեց Հրանտ Բագրատյանը:

Սա ըստ` նրա նույն ցուցանիշն է, ինչ եղել 1996թ., երբ պատերազմը նոր էր ավարտվում, իսկ պետությունն էլ մի քանի տարեկան էր: «Երբ մեզ ինչ-որ անեկդոտներ էին պատմում, «մազութի գործ», որ շեղեն ուշադրությունը և սկսեն իրենց սև գործը»,- ասաց նա:

Իբրև տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ կանխիկացման հետ ստվերը կապ չունի: «Ստվերը ստվեր ա, կարա կանխիկ էլ լինի, անկանխիկ էլ»,- բացատրեց նա` ավելացնենլով, որ «սրանք բացարձակ հիմարություններ են»: