2014թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու է Շվեյցարիան, 2015 թ.` Սերբիան
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը 2014թ. ստանձնելու է Շվեյցարիան, 2015 թվականին` Սերբիան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, համապատասխան որոշման մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի առևտրի և արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը:
Կայքն ընդգծում է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը Շվեյցարային և Սերբիային փոխանցելու առաջարկը հնչեցվել էր անցած տարվա դեկտեմբերին` Լիտվայում կայացած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ: Սերբիայի թեկնածությունը Ռուսաստանն էր առաջադրել, կազմակերպության անդամ երկրներին, սակայն, նիստի ընթացքում չէր հաջողվել համաձայնության գալ այդ հարցի վերաբերյալ:
2014 և 2015 թվականների նախագահության մասին որոշումն այսօր ընդունվել է «լռության ընթացակարգի» միջոցով. սահմանված ժամանակահատվածում որևէ երկիր առարկություն չէր հայտնել Շվեյցարայի և Սերբիայի նախագահության առնչությամբ:
Իռլանդիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնեց 2012թ. հունվարի 1-ին: Պաշտոնական Դուբլինը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության կարևորագույն գերակայությունների թվում են դեկտեմբերին Վիլնյոսում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների զարգացումը (Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունված մի շարք փաստաթղթերի կողքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել), ինչպես նաև ձգձգված հակամարտությունների կարգավորումը:
2011թ. կազմակերպությունը գլխավորում էր Լիտվան, իսկ 2013թ. նախագահությունը ստանձնելու է Ուկրաինան:.









