Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

17:48 • 10.02.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Ըստ կառավարության հաղորդագրության` վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ և ընդլայնվել:

«Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և երկու երկրների միջև ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին: