Արվեստագետը կորցրած ֆրիի դիմաց 2 հազ եվրո փոխհատուցում է ստացել

16:15 • 10.02.12

Գերմանական արվեստի թանգարանը 2.000 եվրո գումար կփոխհատուցի արվեստագետ Շտեֆան Բոնենբերգերին` վերջինիս  տված կարտոֆիլ ֆրին կորցնելու համար: Գերմանական Spiegel-ի համաձայն` նման որոշում է կայացրել Բավարիայի մարզային դատարանը:

Գործի նյութերի համաձայն` 1990 թ.-ին Բոնենբերգերը թանգարանին էր փոխանցել կարտոֆիլ ֆրիի երկու հատիկ` դրված իրար վրա (խաչի նման), որը ծառայել է դրա կրկնօրինակի` ոսկուց պատրաստմանը: Իմաստը հետևյալն է եղել` «ցուցադրել ամենօրյա իրերի վերածումը սուրբ իրերի»:

2011 թ.-ին Բոնենբերգերը դիմել է թանգարանին` խնդրելով վերադարձնել կարտոֆիլ ֆրին: Սակայն թանգարանից նրան հայտնել են, որ այն արդեն չկա, ինչից հետո արվեստագետի ու թանգարանի միջև սկսվել են դատական քաշքշուկներ:

Դատական նիստի ժամանակ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ կարտոֆիլի երկու հատիկը չի կարող արվեստի գործ համարվել, այդ պատճառով դրանք չեն պահպանվել: Սակայն դատարանը նշել է, որ մշակութային հաստատության աշխատակիցները պատասխանատվություն են կրում արվեստի գործիչների կողմից իրենց փոխանցված բոլոր իրերի համար: