Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը տեղին չէ. Էդուարդ Շարմազանով
«Հայաստանի հանրապետական կուսակցության» մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ տեղին չէ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատականը, ըստ որի, եթե Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկում են, ապա «վաղը կկեղծեն ընտրությունները»:
«Եթե հիշողությունս չի դավաճանում, հարգարժան պարոն Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում ներկա չի եղել Ձեր նշած քվեարկությանը, իսկ նրա ղեկավարած խմբակցության անդամներից, որ ներկա էին, ոչ մեկը չի խոսել, որևէ կարծիք չի հայտնել»,- Tert.am –ի հետ զրույցում զրույցում Վահան Հովհաննիսյանի հայտարարությանն ի պատասխան ասաց Էդուարդ Շամազանովը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում հերթական սկանդալային միջադեպը գրանցվեց, երբ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, հայտարարելով, որ ակնհայտորեն քվորում չկա, դիմեց ուրիշի փոխարեն քվեարկող մի քանի հանրապետականների՝ «թե արդյո՞ք ԱԺ-ում երկգլխանի մարդիկ կան»:
Այսօր էլ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, որ պատկերացնում է, որ եթե ՀՀԿ-ական պատգամավորները բոլորի աչքի առաջ կեղծում են քվեարկության արդյունքները, ապա ոչ բացահայտ ինչեր են անում:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ձեռնպահ է մնում «Ժառանգության» պատգամավորի հայտարարությունը մեկնաբանելուց, քանի որ առաջնորդվում է Լարիսա Ալավերդյանի մասին ասել «կամ լավ կամ ոչինչ» սկզբունքով:
Այնուամենայնիվ, լուսանկարների տեսքով փաստեր կան, որ հանրապետական որոշ պատգամավորներ երեկ քվեարկել են ուրիշների փոխարեն:
Էդուարդ Շարմազանովը այս երևույթը բացասաբար է գնահատում, սակայն չի գտնում, որ այն ազդել է քվեարկության արդյունքների վրա:
«Եվ երրորդը՝ ինչքան մեր կյանքն իդեալական չէ, այնքան մեր խորհրդարանական առօրյան իդեալական չէ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:









