Եթե իշխանությունները ճիշտ աշխատեն, պետք է մնան. Վահան Շիրխանյան

15:14 • 10.02.12

Հայաստանում իշխանությունները պետք է մնան ոչ թե պայքարի, այլ աշխատանքի արդյունքում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» (ՍԴՀԿ) անդամ Վահան Շիրխանյանը:

«Եթե ճիշտ աշխատեն, պետք է մնան: Եթե լինի մեկը, որ ներկայացնի ավելի հեռանկարային ծրագիր և ցույց տա, որ ունակ է դրանք իրագործել, ուրեմն պետք է լինի նա»,- ասաց Շիրխանյանը:

Ներկայում ՍԴՀԿ-ում քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք, ոչինչ չենք ուզում ասել: Որոշ ժամանակ անց, իհարկե, բորոիդ կտեղեկացվի»,- վստահեցրեց նա:

«ՀՀԿ-ին միանալու առաջարկ չի եղել: Իսկ մի շարք այլ քաղաքական ուժերից առաջարկներ եղել են, բայց դրանք քննարկման փուլում են: Բայց պետք է հիշել, որ մենք սոցիալիստական ուժ ենք և դավանում ենք մեր գաղափարին»,- ավելացրեց նա:
Վահան Շիրխանյանը չի հասկանում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնել իմաստը, քանի որ, ըստ նրա, այսօր մեր երկրում գրեթե չկան գաղափարական կուսակցություններ:

«Ասեք որևէ կուսակցություն, որ գաղափարական է և որ նրա անդամները այդ գաղափարների կրողներն են: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի խորհրդարանը դարձնել համամասնական: Ես 5 տարի մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ եղել և իմ ընտրատարածքի մարդիկ իրենց խնդիրները դնում էին իմ առաջև և պարտադրում լուծում: Սա շատ բնական է: Իսկ ի՞նչ պետք է անեն համամասնականով ընտրված կուսակցությունները»,- հարցադրում արեց նա: