Հալեպի պայթյուններից, նախնական տվյալներով, հայ տուժածներ չկան
Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների թիրախը ռազմական հետախուզության և անվտանգության ուժերի շտաբ-բնակարաններն են եղել:
«Սուրիյա» հեռուստաընկերության հաղորդմամբ` զոհվել է նվազագույնը 25 մարդ, վնասվածքներ ստացել 175-ը, և այդ թիվն, ամենայն հավանականությամբ կաճի: Զոհերի թվում կա երեխա:
Պայթյունները որոտացել են 5 րոպե տարբերությամբ:
Նախնական տվյալով` ռազմական հետախուզության շենքի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Երկրորդ պայթյունը, չհաստատված տեղեկություններով, իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից` Սահուրա հրապարակում:
Ռազմական հետախուզության շենքի ճակատային հատվածը մասամբ վնասված է, փլված է նաև այն շրջապատող քարե պարիսպը: Կոտրված են մոտակա տների պատուհանները, վնասված են կայանված մեքենաները:
Պայթյունները բնակելի թաղամասերից բավականին հեռու են տեղի ունեցել և նախնական տեղեկություններով տուժած հայեր չկան: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այս հարցերով զբաղվում է Սիրայում Հայաստանի հյուպատոսոթյունը:
Տիգրան Բալայանն ի պատասխան այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ, նշեց, որ դրանք քայլեր են, որոնց մասին մանրամասներ հաղորդելը տեղին չէ:









