Հալեպի պայթյունի հետևանքով զոհվածների մեջ մեկ հայ կա

21:57 • 10.02.12

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր տեղի ուենցած ահաբեկչական երկու պայթյուններից, ի թիվս այլ զոհվածների, եղել է նաև ազգությամբ հայ:

Tert.am-ի տեղեկություններով տուժածը 26-ամյա զինծառայող Վիգեն Հայրապետյանն է, ով հիվանդանոցում մահացել է վիրահատության ժամանակ` Երևանի ժամանակով ժամը 20-ի սահմաններում:

ՀԻշեցնենք, որ Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանy Tert.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով զոհվածների մեջ հայեր չկան: Բալայանը նաև նշել էր, որ քայլեր են ձեռնարկվում Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները Հալեպի երկու ահաբեկչական ակտերի պատասխանատվության հարցում տարաձայնությունների մեջ են ընկել: Agence France-Presse-ի հաղորդմամբ, նրանցից մեկը` գնդապետ Մահեր Նուամին պայթյունների համար մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին:

Իտալական AGI պարբերականի փոխանցմամբ, ապստամբ բանակի հրամանատար Ռիադ Ասադը ընդունել է, որ ահաբեկչությունը ապստամբներն են կազմակերպել:

Գնդապետ Նուամին հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը նման կերպով չի գործում և պայթյունները իշխանության ձեռքի գործն են, որը նման կերպ փորցում է ժողովրդի ուշադրությունը շեղել Հոմսի իրադարձություններից:

Իսկ Ռիադ Ասադը իր հերթին հայտարարել է, որ այդ պայթյունները, ռեժիմի կողմնակիցների կողմից Հոմս քաղաքի ռմբակոծություններին ընդդիմության պատասխանն են:

Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքի երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 28-ի, 235 մարդ վիրավորված է: