Հալեպի կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի (տեսանյութ)

19:49 • 10.02.12

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Հալեպ քաղաքի երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 28-ի, 235 մարդ վիրավորված է, այս մասին հաղորդում է «Սուրիա» սիրիական պետական հեռուստաալիքը: 

Ավելի վաղ, նույն լրատվամիջոցը տեղեկացրել էր 25 զոհի և 175 վիրավորի մասին: Պայթյունները որոտացել են 5 րոպե տարբերությամբ:

Նախնական տվյալով` ռազմական հետախուզության շենքի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Երկրորդ պայթյունը, չհաստատված տեղեկություններով, իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից` Սահուրա հրապարակում:

Ռազմական հետախուզության շենքի ճակատային հատվածը մասամբ վնասված է, փլված է նաև այն շրջապատող քարե պարիսպը: Կոտրված են մոտակա տների պատուհանները, վնասված են կայանված մեքենաները:

Պայթյունները բնակելի թաղամասերից բավական հեռու են տեղի ունեցել և նախնական տեղեկություններով տուժած հայեր չկան: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այս հարցերով զբաղվում է Սիրայում Հայաստանի հյուպատոսությունը: