Սիրիան Իրանից 15 հազ հատուկջոկատային է խնդրել

12:32 • 10.02.12

Սիրիական իշխանությունները դիմել են Իրանին` 15 հազար  հատուկջոկատային երկիր ուղարկելու խնդրանքով:

«Սիրիան դիմել է բարեկամ Իրանին 15.000 հատուկջոկատային երկիր ուղարկելու խնդրանքով` երկրի կարևոր շրջաններում ընթացող անկարգությունները ճնշելու նպատակով», - այսօր գրել է չինական «Ժենմին ժիբաո» թերթը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, երեկ Սիրիայի տարածք են մտցվել Մեծ Բրիտանիայի ու Կատարի հատուկջոկատայինները: Ըստ տվյալների` երկրում ընթացող անկարգություններին նրանք անմիջական մասնակցություն չեն ունենա, այլ հանդես կգան սիրիացի ապստամբների խորհրդականների դերում:

Վերջին հինգ օրերին Հոմսում ռմբակոծությունների հետևանքով զոհերի տարբեր թվեր են ներկայացվում. ըստ ընդդիմության ու իրավապաշտպանների` 130-400 մարդ:

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի Սիրիայում ընթանում են բախումներ կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է մոտ 6.000 մարդ: