Եթե այսօր ուրիշի փոխարեն են քվեարկում` վաղը կկեղծեն ընտրությունները. Վ. Հովհաննիսյան

12:29 • 10.02.12

Եթե «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներն այսօր քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, ապա վաղը կկեղծեն խորհրդարանական ընտրությունները, այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ուենցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Եթե այսօր նրանք կեղծում են Ազգային ժողովի քվեարկությունը, ապա կկեղծեն գալիք ընտրությունները»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, որ դա խոսում է այն մասին, որ իշխող ուժը ուժ չէ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժոովում լրագրողները նկատել էին, թե ինչպես են ՀՀԿ մի քանի պատգամավոր քվեարկում իրենց բացակա կոլեգաների փոխարեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը, հիշատալկելով երեկվա կրկնակի քվեարկության դեպքը, նշեցին, որ գործող իշխանությունները չեն հարգում իրենց հասարակությանն և հենց նույն հասարակության աչքի առաջ քվեարկություն են կեղծում:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները նույնպես նշեցին, որ չեն հավատում արդար ընտրություններ անցկացնելու մասին` իշխանությունների խոստումներին:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի ընդունմանը և կարևորեց այն: Ըստ դաշնակցական պատգամավորի` դա ամենակարևոր օրենքներից մեկն է, որը մասնավորապես վերաբերում է օլիգարխներին և նրանց պահվածքին:

«Մենք ականատես կլինենք, կառավարության հատուկ կարգերի մշակմանը: Մասնավորապես կառավարությունը ժամանակ է խնդրել, որ հատուկ կարգեր մշակի, թե ինչպես են ուսում ստանալու պահնորդները, ինչպես են աշխատելու»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: