«Զվարթնոց» օդակայանում չվերթներ չեն իրականացվի ողջ օրվա ընթացքում (թարմացված)
Երեկ գիշերը և այսօր առավոտյան Հայաստանում տեղացած առատ ձյան և եղանակային արտակարգ պայմաններըի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվում են չվերթները՝ և՛ ժամանումների, և ՝ մեկնումների մասով: Այս մասին Tert.am –ին հայտնեց ուղևորներից Նարեկը, ում դեպի Մոսկվա չվերթը ևս հետաձգվել է:
«Պրագայի ու Դուբայի չվերթները հենց նոր հետաձգվեցին, հիմնական պատճառը, որ վազքուղին մաքուր չի և այդ ձյան պայմաններում թռիչք ու վայրէջք հնարավոր չի կատարել: Մարդիկ սպասում են, Շերեմետևոյի չվերթը ևս սպասում է, բայց չի բացառվում, որ հայտարարվի, որ հետաձգվում է»,-ասաց ուղևորը:
Այս պահին տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ Քաղաքացիական ավիացիայից և «Զվարթնոցից» չէին պատասխանում:
Նշենք, որ «Զվարթնոցից» նախկինում նման դեպքերում մշտապես նշում էին, որ վազքուղին մաքրվում է, սակայն առատ ձյան և քամու պայմաններում չեն հասցնում , և վազքուղին նորից կեղտոտվում է:
Քաղավիացիայի պաշտոնական կայքում նշված ժամի դրությամբ մեկնումներում հետաձգված էին Վիեննայի ժամը 10.00 –ի և Դուբայի 4.34-ի չվերթները, իսկ ժամանումների մասով՝ Դուբայի 12.20 չվերթը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ չվերթներ չեն իրականացվի ամբողջ օրվա ընթացքում։ «Վատ տեսանելիության պատճառով առավոտից դադարեցված են բոլոր թռիչքները՝ ընդ որում և մեկնումները, և վայրէջքները»,– ասաց Չերչինյանը։
Ավելի վաղ Չերչինյանը տեղեկացրել էր, որ եղանակային պայմանների պատճառով բոլոր թռիչքները օդանավակայանում հետաձգված են, սակայն ամբողջ օրը թռիչքները հետաձգելու մասին դեռ հայտնի չէր։ Ավելին, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարի խոսքերով, հնարավոր էր 11-ից հետո թռիչքներ, այնուամենայնիվ, իրականացնել։ Նա նաև տեղեկացրեց, որ երեկ, սակայն, թռիչքներ եղել են։
Մամուլի խոսնակը նաև նշեց, որ ժամը 11–ից հետո նախատեսված է թռիչքներ իրականացնել, սակայն այս պահին դա հաստատ չէ, և ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից։ Թե երբ կվերականգնվեն օդանավակայանի թռիչքները, կտեղեկացնենք առաջիկայում։









