Մանդատից «կառչված» չեմ, եթե խելոք պահեն՝ մի քանի օրից կշպրտեմ իրենց երեսին.Գագիկ Բաղդասարյան

14:29 • 11.02.12

«Օրինաց Երկկիր» կուսակցությունից հեռացվածի, սակայն մանդատը վայր չդրածի կարգավիճակում Գագիկ Բաղդասարյանը դեռ մի շաբաթ էլ պետք է մտածի, որպեսզի որոշի ո՞ր քաղաքական ուժին է սատարելու: Բայց նրա կուսակցական համակրանքներում «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան » կուսակցությունները չկան: Այնպես որ, երևի ինչ-որ ընդդիմադիր կուսակցություն մտնի:

Tert.am-ի զրույցում Գագիկ Բաղդասարյանը նաև ասաց, որ իրեն տխմար մարդ չհամարելով հանդերձ, նոր-նոր՝ մեկ-երկու տարի է, որ հասկացել, «թե բանն ինչում է»: Հիմա նա, վերաարժևորման փուլում է այն հոգեբանության, որով 2007-2008թթ. պայքարել է հանուն օրենքի երկրի։

Գագիկ Բաղդասարյանի՝ մանդատը վայր դնել, չդնելը պայմանավորված է «Օրինաց երկրի» վարքագծից: «Եթե իրենք շարունակեն իրենց անպարկեշտ պահել, իհարկե վայր չեմ դնի, իսկ եթե համակերպվեն այն մտքի հետ, որ այդ մանդատը ինձ պետք չի իրենց հետ միասին, կդնեմ»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ մանդատն իրեն պետք է որպես հարթակ և նախկին կուսակիցներից պաշտպանվելու միջոց: «Եվ դրանից ես կառչված էլ չեմ, եթե իրենց խելոք պահեն մի քանի օրից կշպրտեմ իրենց երեսին: Չէ, ինադ չեմ ընկնի, ուղղակի եթե շարունակեն այս ոճով, ինձ պետք են գալու պատգամավորի մանդատը, հնարավորություններն ու ռեսուրսներն իրենցից պաշտպանվելու, մինչև այս վայրահաչոցները դադարեն: Այդ մանդատն ինձ ոչինչ չի տվել, բացի նրանից, որ այն ինձ պետք է, որ լրագրողների հետ շփվելու դուռն էլ չփակվի ու ինձ էն օրը չգցեն ու պիտակներ փակցնեն, որից շատ կդժվարանամ դուրս գալ»,- ավելացրեց պատգամավորը: Բայց նա այստեղ էլ պրոբլեմ չի տեսնում. «Ինչպես ասել եմ՝ էդ չոր կեղտը ինչքան էլ մարդուն ուզում ես քսի, միևնույն է՝կպոկվի, կընկնի»,- հավելեց Բաղդասարյանը:

Իսկ «վայրահաչոց» ասելով նա նկատի ունի նախկին կուսակիցների ոչ այնքան հրապարակային ելույթները, որքան կուսակցության ներսի բամբասանքները: Գագիկ Բաղդասարյանը ինչ-որ մարդկանց միջոցով փորձում է հորդորել ՕԵԿ-ականներին «որ դադարեցնեն էդ սրիկայությունները»: Նրան այս խոսակցությունների մասին տեղեկացնում են հենց ՕԵԿ-ի ներսից, մարդիկ, որոնք շարունակում են հարգել Գագիկ Բաղդասարյանին:

Սպառնալիքին, որ մանդատն ինքնակամ վայր չդնելու դեպքում, ՕԵԿ-ը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մանդատից զրկելու հարցով, Գագիկ Բաղդասարյանը թեթև է նայում, քանի որ, ըստ նրա, մինչև ինքը չցանկանա, իրեն մանդատից չեն զրկի և ավելացրեց, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» նման բան չի նախատեսում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի 2009 թվականի որոշմամբ՝ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորը խմբակցությունից դուրս գալիս պարտավոր է վայր դնել մանդատը: Սակայն Գագիկ Բաղդասարյանի մեկնաբանությամբ՝ «Աժ կանոնակարգ –օրենքում» ՍԴ որոշումից բխող փոփոխություններ մինչ օրս չեն արվել: Ուստիև, ամփոփելով՝ Գագիկ Բաղդասարյանը ոչ առանց չարախնդության նկատեց, որ իրեն մանդատից զրկելու համար ՕԵԿ-ը ստիպված պետք է լինի դիմել ՍԴ, ինչը մի քանի ամիս կտևի և կգա-կհասնի խորհրդարանական ընտրություններին, երբ այսպես թե այնպես պատգամավորական լիազորությունները դադարում են:

Եվ սա միայն Գագիկ Բաղդասարյանի համոզմունքը չէ, այլ «այս գործի վարպետների» գնահատականը:
«Այնպես որ, ընդամենը սուտ են խոսում և փորձում են ինձ ահաբեկել»,- հավելեց նախկին ՕԵԿ-ականը: Նա մեկ անգամ ևս պարզաբանեց , թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ ՕԵԿ-ը ՀՀԿ է դարձել: Սա իշխող կուսակցության ուղղությամբ «նետված քար չէ», պարզապես Գագիկ Բաղդասարյանը գտնում է , որ եթե ՕԵԿ-ը մտածում և գործում է այնպես, ինչպես ՀՀԿ-ն, ապա, թող բարի լինեն և ավելի պարկեշտ լինեն և անցնեն հանրապետականի շարքերը:

Հեղինե Բիշարյանի այն մեկնաբանությանը, թե յուրաքանչյուր խմբակցության ղեկավար իր հետ կհամաձայնի, որ խմբակցության պատգամավորը քվեարկել է այնպես, ինչպես որոշվել է, Գագիկ Բաղդասարյանն արձագանքեց. «Էդ դեպքում առաջարկում եմ՝ ցրել ԱԺ-ն, թող մնան միայն ֆրակցիայի ղեկավարները ու քվեարկեն: Ավելի հեշտ կլինի հանգիստ, միևնույն է՝ դրանից ոչինչ չի փոխվի: Այ, դրա հետ ես համաձայն չեմ, որ պատգամավորներին դնում են էշի տեղ ու ուզում են ճիպոտով քշել աջ ու ձախ»:

Հիշեցնենք, որ պատգամավորը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին« օրենքի նախագծի քվեարկության ժամանակ քվեարկել էր «ձեռնպահ»:

Հարցին, թե ինքը և՞ս գտնում է, որ օրինագիծն այնքան էլ հակակոռուպցիոն չէ, Գագիկ Բաղդասարյանը պաատասխեց ասելով. «էսօրվա դրությամբ կան պետական պաշտոնյաներ, ովքեր բառիս բուն իմաստով թռել են էս երկրի շալակը, էլ ինչ հակակոռուպցիոնի մասին է խոսքը: Եթե ցանկություն կա էդ կոռուպցիան վերացնելու, դրան ընդամենը շատ կարճ ժամանակ է պետք՝ 6 ամսից 1 տարի: Իսկ եթե պետք չի վերացնել, ապա արդեն սկսում ենք պատճառներ ման գալ»:

Ինչո՞ւ չենք բարձրացնում պետական ծառայողի աշխատավարձը, «ինչո՞ւ է էս պետությունում մանկավարժը, բժիշկը էս օրին»,- սրանք հարցեր են, որոնց շուրջ մտորելով կոալիցիոն կուսակցության նախկին անդամը հասկացել է. իշխանությանը պետք է, որ ժողովուրդը սոված ու կառավարելի լինի:

Հարցի, թե արդյոդք իր նման մտածողներ էլի կան ՕԵԿ-ում, Գագիկ Բաղդասարյանի պատասխանեց` ասելով, որ կան, բայց, ցավոք, չունեն իր վճռականությունը:

Իր նկատմամբ հալածանքների հիմնական ուղղորդողն ըստ Բաղդասարյանի «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է, իսկ Հեղինե Բիշարյանը, ում հեռացված ՕԵԿ-ականը ժամանակին շատ հարգել է, ապա հիասթափվել, «ընդամենը կուրիերի գործ անող անձնավորություն է»: Իսկ ձեռագիրը «Բաղդասարյան Արթուրինն է»:
Հարցադրմանը, որ ինքը ըստ ՕԵԿ-ի գործ չի արել Գագիկ Բաղդասարյանը նախ պատասխանեց՝ «վայ, ինչ ասես թե չեմ արել», ապա անսպասելիորեն համաձայնեց և ասաց. «Ճիշտ է՝ ոչինչ չեմ արել, որ ՕԵԿ-ը էս ընտրություններում հաջողություն ունենա»:

Գագիկ Բաղդասարյանը պատրաստվում է առաջիկայում անդամակցել որևէ կուսակցության: Հարցին, թե քաղաքական ուժերից որն է ավելի հարազատ Գագիկ Բաղդասարյանին, վերջինս պատասխանեց, որ համենայնդեպս ոչ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Նա նաև չբացառեց, որ մտնի որևէ ընդդիմադիր կուսակցություն, բայց թե կոնկրետ ո՞րը, կասի մեկ շաբաթ-տասը օրից:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ: «Իր հետ կապված ես ասելու ոչինչ չունեմ»,- Tert.am-ին ասաց Հեղինե Բիշարյանը: