Խաչիկ Գալստյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, բայց գիտի, որ ԲՀԿ առաջնորդը Մոսկվա չի մեկնել

12:20 • 11.02.12

Գագիկ Ծառուկյանը մեկօրյա այցով Մոսկվա չի մեկնել: Այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ամեն օր հանդիպում են ու ինչ-որ հարցեր են քննարկում, Խաչիկ Գալստյանը տեղյակ չէ: Ծառուկյանի մամուլի խոսնակից նույնպիսի պատասխան ստացանք կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հավանականության վերաբերյալ: ««Բարգավաճ Հայաստանում» այդ մասին որևիցե քննարկում չի եղել»:

Վերջին հարցի կապակցությամբ Tert.am-ը ստացավ նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը: Ըստ դրա՝ եթե լինի անհրաժեշտություն, ապա կոալիցիոն նոր Հուշագիր կստորագրվի: «Կոալիցիան համախմբված է նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ և արդյունավետ գործում է, չնայած որոշ էմոցիաներին, ինչը նախընտրական շրջանում բնական եմ համարում: Սակայն, հնարավոր է, որ ստորագրվի՝ ելնելով անհրաժեշտությունից:

Նշենք, որ ըստ մամուլի վերջին մեկնաբանությունների՝ այս նոր Հուշագրի ստորագրումը նախատեսված է փետրվարի 17-ից հետո: