Բեզռուկովը հրաժարվել է նկարահանվել Պուտինի նախընտրական տեսահոլովակում
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը հրաժարվել է նկարահանվել ի պաշտպանություն Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նկարահանվող քարոզչական բնույթի տեսահոլովակում:
«Ես իմ կարծիքով չեմ ցանկանում ազդել այլ մարդկանց ընտրության վրա: Նախագահի ընտրությունը պետք է յուրաքանչյուրի անձնական ընտրությունը լինի: Այդ դեպքում միայն ընտրություններն արդար կլինեն»,- ասել է դերասանը:
Ինչպես հաղորդում է ռուսական Argumenti.ru կայքը, ավելի վաղ Twitter միկրոբլոգների կայքում դերասանի կինը` Իրինան, ևս գրել էր, որ դերասանը հրաժարվել է նկարահանվել այդ գովազդում:
Հավելենք միայն, որ Բեզռուկովը Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է, իսկ Պուտինն հենց այդ կուսակցության կողմից է առաջադրվել:
Մարտի 4–ին Ռուսաստանում կայանալիք ընտրություններում նախագահ դառնալու համար պայքարելու են Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը (առաջադրվել է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վադիմիր Ժիրինովսկին, ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:









