Մոսկվան չի պաշտպանի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվող անհավասարակշիռ որոշման նախագիծը

19:35 • 11.02.12

Մոսկվան չի պաշտպանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի խնդրի շուրջ անհավասարակշիռ որոշման նախագիծը: Այս մասին ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

«Մենք չենք կարող պաշտպանել սիրիական հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տեղափոխումը այն նույն` (ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նախագծի նման) անհավասարակշիռ որոշման նախագծով», - նշել է փոխնախարարը:

Անցած գիշեր, Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների շրջանում որոշման նոր նախագիծ էր տարածել: Նախագծում Արաբական երկրների լիգայի նախագծին աջակցություն է արտահայտվում, որը մասնավորապես` նախագահ Բաշար Ասադի կողմից իշխանությունից հրաժարում է նախատեսում: Չնայած նախագծում հակամարտության 2 կողմերին էլ բռնություններից հրաժարվելու կոչ է արվում, սակայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պարբերաբար և զանգվածային խախտման մեջ գլխավորապես մեղադրվում է Սիրիայի ղեկավարությունը: