Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկում են Հալեպ քաղաքը
Սիրիայի անվտանգության ուժերը ամբողջովին վերահսկում են երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի` Հալեպի փողոցներն ու հրապարակները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող հայաշատ այդ քաղաքում` ուրբաթ մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված ահաբեկչություններից հետո, լարված իրավիճակ է:
Սիրիայի ՆԳՆ-ն երկրի քաղաքացիների կոչ է արել իշխանություններին աջակցել ընդհատակյա հակակառավարական խմբավորումների բացահայտման գործում:
Շարունակվող բռնությունների պատասխանատվությունը հանրապետության ՆԳՆ-ն դնում է այն երկրների վրա, որոնք աջակցում են ահաբեկչական բանդաներին` նրանց փող և սպառազինություն մատակարարելով:
Հանրապետության ներքին գործերի նախարարության կոմյունիկեի մեջ ասվում է, որ գրոհայինները պայթեցնում են Հոմսի շենքերը և դա արվում է այն նպատակով, որ հետագայում մեղքը գցվի սիրիական բանակի վրա, որը քաղաք է մտել խաղաղ բնակչության խնդրանքով: Մայրաքաղաքի Ռուքին-էդ-Դին թաղամասում այսօր ահաբեկիչները սեփական տան դիմաց նենգաբար գնդակահարել են հոսպիտալներից մեկի ղեկավար գեներալ Իսա ալ-Հոուլիին: Նման գործելակերպն ամենուրեք է: Իդլիբում ահաբեկիչները այրել են սիրիացի հայտնի գրող Մուհամեդ Հալեդ ալ-Հոդրի տունը` ուր այրվել է նաև բացառիկ գրադարանը:
Ահաբեկիչները իսկական որս են սկսել երկրի մտավորականների վրա: Հետապնդվում են բժիշկները, ինժեներները, դասախոսները, մշակույթի և գիտության գործիչները:
Այս կապակցությամբ հանրապետության ԱԳՆ հրատապ հաղորդագրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱԵԼ-ին և Իսլամական համագործակցության կազմակերպությանը, որտեղ պահանջվում է կատարել ահաբեկչության դեմ պայքարի նախկինում ընդունված բանաձևերը, և սիրիական իշխանություններին աջակցել արտասահմանյան դիվերսիոն կենտրոններից գործող խմբավորումների ղեկավարներին հանձնելու գործում:
Մեկնաբանները նշում են, որ այս պարագայում խոսքը վերաբերվում է Թուրքիային, որտեղից գործում է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» շտաբը: Հենց այդ կազմակերպությունն էր իրականացրել Հալեպ քաղաքի ահաբեկչությունները:









