Ֆիդել Կաստրոն 9-ժամյա հանդիպում է ունեցել 22 երկրների մտավորականների հետ
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն 9 ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել 22 երկրների մտավորականների հետ, որի ժամանակ քննարկվել են համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու ուղիները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հանդիպման մասնակիցների թվում են եղել Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, գրող Սերխիո Պիտոլը, հետազոտող Իգնասիո Ռամոնեթը, տնտեսագետ Աթիլիո Բորոնը, հրապարակախոս Ստելա Կանտոնին, ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրների մշակույթի ու գիտության ոլորտի ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակիցներից յուրաքանչյուրը բարձրաձայնել է այն խնդիրները, որոնք իրեն ամենաշատն են հուզում: Մասնավորապես, Ռամոնեթը քննադատել է ժամանակակից լրատվամիջոցների աշխատանքը: Նրա խոսքով` մարդիկ այսօր դարձել են գովազդատուի ու գնորդի միջև առևտրի առարկա, իսկ տեղեկատվությունը` անբովանդակալից:
Երկրի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` 9-ժամյա հանդիպումն ընդամենը երկու անգամ է ընդմիջվել: Մասնակիցները հանդիպման վերջում կիսվել են իրենց տպավորություններով` նշելով, որ «հիացած են Ֆիդելի կենսական ուժով ու խանդավառությամբ»:
Կուբայի հեղափոխության առաջնորդն առաջարկել է ժողովածու կազմել հանդիպման ժամանակ հնչած առաջարկությունների վերաբերյալ:
«Անհրաժեշտ է պայքարել, չի կարելի թույլ տալ, որ հեռատեսությունը հաղթի: Ամենաքիչը, որը կարող ենք անել, հասնել նրան, որ բնակչությունը լինի իրազեկված»,- ասել է Կաստրոն:









