Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են
Թուրքմենստանում այսօր նախագահական ընտրություններ են: Թեև 20 տարվա ընթացքում կենտրոնասիական այս պետությունում արդեն երկրորդ անգամ են նախագահ ընտրում այլընտրանքային միջոցով, դիտորդները չեն կասկածում, որ քվեարկության արդյունքներն արդեն կանխորոշված են:
Առաջին անգամ թուրքմեններին մի քանի թեկնածուներից մեկին ընտրություն տալու հնարավորություն է ընձեռվել 2006 թվականին, ցմահ նախագահ Սաֆարմուրատ Նիյազովի մահից հետո, ով երկիրը ղեկավարել է 16 տարի: 2007 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում 89,23 տոկոս քվեով հաղթել էր նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Այսօր նախագահական աթոռի համար կպայքարեն ութ թեկնածուներ: Նրանց թվում է գործող նախագահ Բերդիմուհամեդովը, որի թեկնածությանը, ինչպես 2007 թվականին, աջակցում է երկրի միակ քաղաքական կուսակցությունը` նախագահի գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև երկրի բոլոր խոշորագույն հասարակական կազմակերպությունները:
Նրա հետ մրցակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնողական խմբերի կողմից առաջադրված թեկնածուներ` Դաշոգուզի շրջանի վարչակարգի ղեկավարի տեղակալ Ռեջել Բազարովը, «Մարիգազդոբիչ-ի ղեկավար Կակագելդի Աբդիլաևը, ջրային տնտեսության նախարար Անագելդի Յազմիրադովը և այլք:









