Խաինդրավան Սաակաշվիլիի ռեժիմի հանցագործությունների մասին ֆիլմ է նկարահանել
Վրաստանի հակամարտությունների կարգավորման նախկին պետնախարար, ռեժիսոր Գեորգի Խաինդրավան ավարտել է 2005թ.-ից հետո Վրաստանի դեպքերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Այն փաստացիորեն մեր կյանքի ժամանակագրությունն է: Ֆիլմը դժվար է դիտել, քանի որ մեկտեղված են իշխանությունների` սեփական ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները», - ասել է նա Палитра недели թերթին տված հարցազրույցում:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, «Պետական մոլագարություն» անվանումը ստացած ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա Սուրբ Զատկի օրը:
Ռեժիսորի խոսքով` ֆիլմում պատմվում է ռեժիմի հակառակորդների սպանությունների, զանգվածային հավաքների ցրման, ապօրինի ձերբակալությունների, ցուցադրական դատարանների, մարդու իրավունքների ու օրենսդրության խախտումների մասին:
Ըստ Խաինդրավայի` մոլագարությունը սկսում է հենց առաջին դեմքերից, «առաջին հերթին` Սաակաշվիլիից»:
«Վրաստանին վրա է հասել մեծ ողբերգություն` ի դեմս «Ազգային միասնական շարժման»: Մարդկանց մի խումբ վեր է դասվել օրենքից: Այդ կաստան գործում է առանց օրենքի ու բարոյականության, որին ամեն ինչ կարելի է», - ասել է կառավարությունը 7 տարի առաջ լքած գործիչը:
Ֆիլմում պատմվում է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի, ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի և այլոց առեղծվածային մահերի մասին:
Ֆիլմի հեղինակը կինոնկարն ուղարկելու է Սաակաշվիլիին աջակցող արևմտյան երկրների կառավարություններին:









