Սյունիքում 14–ամյա աշակերտուհուն բռնաբարած գյուղապետ–ուսուցչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Լուսանկարը՝ Hetq.am–ի
«Հետք» էլեկտրոնային պարբերականն այսօր տեղեկացրել էր Հայաստանում գրանցված հերթական մանկապղծության դեպքի մասին։ Ըստ «Հետքի» տեղեկության՝ Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ա.Ղուկասյանը, որը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, դասերից մեկի ժամանակ աղջնակին տարել է ինչ–որ առանձին դասասենյակ և բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այս դեպքը, պարզվում է, առաջինը չի եղել։ Դրանից առաջ էլ նույն աշակերտի հետ առանձնանալու դեպքերն էլ հենց հարուցել են նրա համադասարանցի աղջիկների կասկածը, որոնցից ամենահամարձակն էլ հենց հետևել է գյուղապետ ուսուցչին և բացահայտել նրա քստմնելի արարքը։ Գյուղապետն ինքը հայտնել էր, որ իրեն շանտաժի են ենթարկում, ինչի մասին կտեղեկացնի ավելի ուշ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am –ի հետ զրույցում հայտնեցին, որ Սյունիքի մարզի ոստիկանության քննչական բաժանմունքում կա քրեական գործ՝ Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասի՝ «Անառակաբարո գործողություններ անչափահասի նկատմամբ» հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվում է: Այլ բան՝ ելնելով նախաքննության շահերի գաղտնիությունից չի հաղորդվում:
Իր աշակերտուհուն բռնաբարած 50-ամյա տղամարդու և մանկավարժի վարքը բնութագրելով՝ հոգեբան Սամվել Խուդոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման արարք իրեն կարող էր թույլ տալ կամ պսիխոպատը, «հիվանդագին բնավորության տեր» կամ՝ խմիչքի ու թմրանյութի ազդեցության տակ գտնվող անձը: Եվ, իհարկե, պեդոֆիլը:
Սամվել Խուդոյանն այն կարծիքին է, որ Հայաստանում պեդոֆիլիան շատ ավելի տարածված է, քան այդ մասին ընդունված է խոսել ու իմանալ: Սրանում, ըստ հոգեբանի, մեծ դեր է խաղում այն մտածողությունը, որ տուժողները չեն բողոքի, իսկ իրենք պատասխանատվության չեն ենթարկվի:
Բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ում նկատմամբ զրպարտության, ապա՝ սուտ մետնության մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում սեռական ոտնձգությունների դեպքերի մասին բարձրաձայնելու համար, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս առումով հատուկ վիճակագրություն չունի, բայց վստահ է, որ այն ինչ կատարվում է փակ համակարգերում, երևի թե առավել թույլ արտահայտվում է բաց համակարգերում: «Այսինքն՝ էլի այն մտայնությունն է գործում, որ ամոթ է, պետք է լռել իր երեխայի «անունը չգցելու համար», ինչպես իմ հայտնած դեպքերից մեկով մայրը , փոխանակ պաշտպանի իր երեխային, պաշտպանում էր մանկապղծին՝ ասելով, որ տենց բան չկա»: ,-ասաց Մարիամը:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործը կարճելուց հետո քրեական գործ հարուցվեց Նուբարաշենի հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչի դեմ, որը մեղադրվեց և դատապարտվեց, դպրոցի տնօրենն էլ ազատվեց աշխատանքից:
Մեզ հետ զրույցում Մարիամը պատմեց, որ Նուբարաշենի դպրոցի 12-18 տարեկան մի քանի երեխաներ իրեն պատմել էին, որ իրենց նկատմամբ սեքսուալ գործողությունների կամ այդպիսի փորձեր արվել են նաև գիշերային դայակների կողմից:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը , որով նախատեսվում է խստացնել մանկապղծության համար սահմանվող պատժաչափերը և կրկնահանցագործությունների դեպքում կիրառել քիմիական ստերջացում: Մոտ մեկ ամաիս առաջ կառավարությունը, որ սկզբունքային առարկություններ չունի օրինագծ վերաբերյալ, հարցում է ուղարկել Լեհաստան՝ տեղեկանալու այս եղանակը կիրառած այս երկրի փորձին:









