Լեհաստանում կերակրի աղի փոխարեն տեխնիկականն են վաճառել

22:33 • 27.02.12

Լեհաստանում ճանապարհներին ցանելու համար նախատեսվող տեխնիկական աղը` որպես կերակրի աղ վաճառել են սպառողներին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել են երկրի իրավապահ մարմինները, որոնք բացահայտել են` 10 տարի շարունակ իրականացված այդ հանցագործությունը:

«Երկու ընկերություն մեծ ծավալներով տեխնիկական աղ են գնել և բնակչությանն են վաճառել որպես կերակրի աղ: Ամեն ամիս 1000 տոնա տեխնիկական աղը չորացվել, և փաթեթավորվելով որպես սննդում օգտագործվող աղ` վաճառվել է մարդկանց», - հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:

Դեռևս չի բացահայտվել, թե ինչ վնաս է հասցրել կեղծված աղը սպառողներին, բայց ձերբակալված գործարարներին` մարդու առողջությանը կամ կյանքին վտանգ ներկայացնող սննդամթերք վաճառելու մեղադրանք է ներկայացվել:

Նման միջոցով տարեկան մոտ 2 մլն դոլար գումար վաստակած գործարարներին 8 տարի ազատազրկում է սպառնում:

Տեխնիկական աղը արտաքին տեսքով կամ համով կերակրի աղից չի տարբերվում, սակայն սննդում թույլատրվող աղից հարյուր անգամ ավելի շատ սուլֆատներ է պարունակում: