Աստվածաշնչյան մարաթոն Լեհաստանում

08:40 • 28.02.12

Լեհաստանի Պոզնան քաղաքում մարտի 4-ին տեղի կունենա 122 ժամանոց Աստվածաշնչի մարաթոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

Այդ արարողության ընթացքում 1,5 հազ հատվածների բաժանված Աստվածաշունչը կընթերցվի Պոզնանի Բոլոր Սրբերի տաճարում: Աստվածաշնչի ընթերցմանն, ըստ կազմակերպիչների, մասնակցելու է 21 ծուխ: Ընթերցումը սկսելու է Պոզնանի արքեպիսկոպոսը:

Հատուկ այս մարաթոնի համար լեհերեն Աստվածաշնչի նոր օրինակ է տպվել, որը կշռում է 18 կգ: Մարաթոնը նաև կհեռարձակի հեռուստատեսությամբ:

Առաջին անգամ Աստվածաշնչի մարաթոն Պոզնանում անց էր կացվել 2005-ին: Այդ ժամանակ 119 ժամ 2 րոպե 42 վայրկյանում 876 մարդ անընդհատ կարդացել էր Աստվածաշնչի ամբողջական տեքստը:

2008-ին էլ առաջին անգամ նման մարաթոն անցկացվեց Հռոմում` Հռոմի Պապի մասնակցությամբ: