Հաագայում շների տերերը հայտնվել են միջկրոնական վեճի կենտրոնում

01:07 • 28.02.12

Նիդերլանդների Հաագա քաղաքի մուսուլմանները իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքում շների մեծ քանակի կապակցությամբ: Նրանց կարծիքով, կենդանիների հետ կողք կողքի ապրելը հակահիգիենիկ և նույնիսկ վիրավորական է:
Vesti.ru-ի հաղորդմամբ, բանը հասել է նրան, որ շների տերերին բացահայտ հանցագործներ են անվանել:

«Հաագայի մուսուլմանները պահանջում են արգելել շներին», - նման վերնագրերով լույս տեսած հոլանդական պարբերականների հոդվածները ցնցել են եվրոպացիներին:

Սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ քաղաքային խորհրդում վերջին քննարկման ժամանակ իսլամական ժողովրդավարների կուսակցության պատգամավորը շների տերերին հանցագործ հայտարարելու կոչ է արել:

«Շները մեր հասարակության մաս են կազմում արդեն դարեր շարունակ, և մարդիկ, որոնք Նիդերլանդներ են գալիս, պետք է ինտեգրվեն և հետևեն ընդունված կարգերին: Ես համոզված եմ, որ ընտանի կենդանի ունենալը, այդ պրոցեսի անբաժանելի մաս է կազմում», - ասել է Հաագայի քաղաքային խորհրդում կենդանիների պաշտպանության կուսակցության նախագահը:

Սկանդալն արդյունքում մարել է: Հոլանդիայի` կենդանիների պաշտպանության կուսակցությունը հայտարարել է, որ մուսուլման դեմոկրատների հետ համատեղ պատրաստ է պայքարել, որ ընտանի կենդանիները քաղաքում ավելի շատ շարժվելու հնարավորություն ունենան:

Ստացվում է, որ եվրոպական ինքնության, վերաբնակեցման ու կրոնի ազատության այդ վեճում, կարծես, միայն շների կարծիքը հաշվի չի առնվել: