Ո՞ւմ կսատարի Գառնիկ Իսագուլյանի կուսակցությունը

11:06 • 28.02.12

Անիմաստ համարելով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին «Ազգային անվտանգության» մասնակցությունը համամասնական ընտրակարգով, կուսակցությունում այս պահին քննարկվում է ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը, ինչպես նաև, թե որ քաղաքական ուժերին կամ անհատներին են սատարելու: Այս մասին Tert.am-ին ասաց «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ, խորհրդարանում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս ասաց, որ չմասնակցելու որոշումն ընդունել են ոչ թե որպես փոքր, այլ պակաս հնարավորություններ ունեցող կուսակցություն:
«Մենք աշխատում ենք հանրապետական կուսակցության թիմի հետ, սակայն, թե ի՞նչ կորոշվի վերջնարդյունքում, այս պահին չեմ կարող ասել: Ասեմ, որ մեզ մոտ շատ բուռն քննարկումներ են ընթանում»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը: Հարցին, թե ՀՀԿ համամասնական ցուցակում հրավեր իրեն եղե՞լ է կամ լինելու դեպքում առաջարկը կընդունվի՞, «Ազգային անվտանգության» նախագահն ասաց, նման խոսակցություն իր հետ չի եղել, սակայն պատգամավոր դառնալն իր՝ Իսագուլյանի համար հետաքրքիր չէ:
«Ես եղել եմ Գերագույն Ժողովի պատգամավոր ու տենց խնդիր չեմ տեսում»,-ասաց:
Ինչ վերաբերում է սատարման հարցին, ապա կորոշվի նախ վարչության նիստում, ապա՝ համագումարում, որը կհրավիրվի մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում: