Էրդողանն առաջարկել է լաբորատոր պայմաններում ստուգել Ցեղասպանության մասին բանաձևի հեղինակ Օզդեմիրի արյունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ստուգել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Գերմանիայի Բունդեսթագի քննարկմանը ներկայացրած պատգամավորի արյունը՝ թուրք ազգությանը պատկանելության համար, գրում է РИА Новости-ն:
Բանաձևի նախագծի հեղինակը թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ Ջեմ Օզդեմիրն է: Քննարկումը նախաձեռնվել է իշխող խորհրդարանական մեծամասնության և «Կանաչների» կուսակցության ընդհանուր դիմումով:
«Ստացվում է՝ խելացի մեկը մի բան է պատրաստել և գերմանական խորհրդարան ներկայացրել: Ծնվել և մեծացել է Գերմանիայում, դու ի՞նչ արխիվներում ես եղել, ի՞նչ ես հասկանում այդ թեմայից: Եվ նա իբր թուրք է: Ի՞նչ թուրք: Նրա արյունը պետք է լաբորատորիայում ստուգել: Որովհետև մարդը, ում մեջ այս ժողովրդի արյունն է հոսում, չի մեղադրի նրան ցեղասպանության համար: Նրանց մեկը վերևից ուղղորդում է, բայց թե ինչի համար՝ այ դա է կարևոր»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Սեբահաթին Զաիմի անվան համալսարանի շրջանավարտների առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար:
«Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ` դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100.000 նամիբիացիների կոտորածի համար»,- հայտարարել է թուրք առաջնորդը: Էրդողանը հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին` նշելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին արտահայտվի «ամենավերջինը»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:










