Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո գյուլենականներին պատկանող 4.344 հիմնարկ է փակվել ու բռնագրավվել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո դադարեցվել է 4.344 հիմնարկի աշխատանքը, որոնց ղեկավարները մեղադրվում են հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամ լինելու համար:
Նշված բոլոր հիմնարկները բռնագրավվել են պետության կողմից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը, գրում է թուրքական diken.com.tr:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










