Uber-ի հիմնադիրը դուրս է եկել Թրամփին կից տնտեսական խորհրդից՝ քննադատության ալիքի ֆոնին

12:48 • 03.02.17

Uber տաքսու ինտերնետային ծառայության հիմնադիր Թրևիս Կալանիկը հեռացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կից տնտեսական խորհրդից՝ հանրության և սեփական աշխատակիցների կողմից քննադատության ալիքի ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Աշխատակիցներին ուղարկված նամակում Կալանիկը բացատրում է, որ շատերը, այդ թվում և մամուլը, խորհրդի աշխատանքին մասնակցելու նրա համաձայնությունն ընդունել են որպես նոր նախագահի ներքին քաղաքականությանը՝ այդ թվում միգրացիոն քաղաքականությանն աջակցություն:


Ընդ որում՝ Թրամփի որոշումը՝ դադարեցնել փախստականների ընդունումը և ժամանակավորապես դադարեցնել յոթ մերձարևելյան պետությունների քաղաքացիներին վիզաների տրամադրումը, զայրացրել է Uber-ի վարորդներին, որոնց մեծ մասն իրենք էլ Ասիայի երկրներից ներգաղթյալներ են:


Իր նամակում Կալանիկը պնդում է, որ նոր նախագահի հետ կարճատև զրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել վիզային սահմանափակումների առնչությամբ և բացատրել է, թե ինչ բացասական ազդեցություն կարող են դրանք թողնել ամբողջ ճյուղի վրա:


Թրամփին կից տնտեսական խորհրդի մեջ մտնում են բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում՝ SpaceX և Tesla Motors ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը: Նա արդեն հայտարարել է, որ չի դուրս գալու խորհրդից, քանի որ այն հնարավորություն է համարում նախագահին իր բարեփոխումների մասին կարծիքը հասցնելու համար: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ տնտեսական խորհրդին անդամակցությունը չի նշանակում երկրի ղեկավարության բոլոր որոշումների հետ համաձայնություն: