Բարեգործական համերգ՝ ի հիշատակ 44-օրյայում նահшտակված Վահե Մելիքսեթյանի. հասույթը կուղղվի կրթության և առողջապահության զարգացմանը (տեսանյութ, լուսանկարներ)

18:20 • 09.11.26

Երաժշտություն, հիշողություններ և մեկ կարևոր առաքելություն՝ աջակցել կրթության և առողջապահության զարգացմանը: 44-օրյա պատերազմում նահատակված, կլինիկական դեղագետ, գիտնական և բժշկական համալսարանի դասախոս Վահե Մելիքսեթյանը կդառնար 38 տարեկան:

Նրա ծննդյան օրը կայացավ «Ջազային Ազնավուր» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է իր կիսատ մնացած երազանքների իրագործմանը:

«Շատ-շատ էր սիրում իր մասնագիտությունը, կարևորում էր: Քանի որ Վահեն իմ եղբայրն է՝ ինձ համար, հուզական առումով, շատ կարևոր էր այս գործը շարունակել, բայց նաև ռացիոնալ գործոնն է շատ մեծ այս գործի մեջ, որովհետև կլինիկական դեղագետներն օգնում են բոլոր նրանց, ովքեր երբևիցե դեղ ընդունել են կամ պետք է ընդունեն ու հանրային առողջության առումով անփոխարինելի մասնագետներ են»,-ասաց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը։

«Ջազային Ազնավուր»-ն արվեստի միջոցով համախմբեց մարդկանց, որոնց շնորհիվ աջակցություն ներգրավվեց Հայաստանում կրթության, գիտության և առողջապահության զարգացման համար։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի ուղեկցությամբ հանդես եկան հայ սիրված արտիստներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Ինգա Արշակյանը և Սոնա Ռուբենյանը՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի սիրված ստեղծագործությունների հատուկ երաժշտական ծրագիր՝ ջազային մատուցմամբ:

Այն կազմակերպվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, «Mezzo Production»-ի և «Հայաստանի պետական ջազ նվագախմբի», «C-SQUARED»-ի համագործակցությամբ։

«Ջազը համամարդկային արժեքներ կրող երաժշտություն է և միշտ միտված է խաղաղության, իսկ Ազնավուրի անմահ երաժշտությունը և ինքը՝ որպես մեծն բարերար, կարծում եմ՝ շատ մեծ խորհուրդ ունի այսօրվա երեկոյի համար»-նշեց Ջազի հայկական ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Անի Սաղոյանը։

«Մեր նվագախումբը հաճախ է համագործակցում տարբեր հիմնադրամների հետ և միշտ բաց ենք նման նախաձեռնությունների համար: Ի ուրախություն մեզ, սա մեր առաջին փորձառությունը չէ այս թեմատիկայի շրջանակում»-ասաց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը։

Համերգի բարեգործական գաղափարի շրջանակում աճուրդի հանվեց նաև «Խոստում» նախաձեռնության արծաթագույն բացառիկ խաչը՝ «Պետրոս Առաքյալ» անունով։ Համերգի ավարտին խաչի անձնագիրը հանձնվեց նոր սեփականատիրոջը, իսկ աճուրդից ստացված հասույթն ուղղվեց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամին։

«Մեր նախաձեռնության հիմնական նպատակներից է Հայաստանում կրթության զարգացումը, Հայաստանն էլ ավելի ճանաչելի դարձնելը, ուստի մենք պատրաստվում ենք նաև հուշագիր կնքել «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հետ՝ հետագա և շարունակական գործընկերության համար»-նշեց «Խոստում» նախաձեռնության համահիմնադիր Վիգեն Պետրոսյանը:

Երաժշտական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ արվեստը կարող է ոչ միայն միավորել մարդկանց, այլև ստեղծել կարևոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություն՝ շարունակելու Վահե Մելիքսեթյանի սկսած գործն ու իրականացնելու նրա մասնագիտական երազանքները: