«Ուդուլի» տոլմայի 6-րդ փառատոնին կմասնակցի նաև հայկական բանակը

16:26 • 19.05.16

Մուսալեռի հուշահամալիրում մայիսի 21-ին կանցկացվի «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը, որի շրջանակներում 30 տաղավարներ կներկայացնեն տոլմայի տեսակների բազմազանությունը:

 

Այս մասին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը` հավելելով, որ այս տարի տոլմայի փառատոնին կմասնակցի նաև հայկական բանակը. «Փառատոնին խոհարար զինվորները ևս կներկայացնեն իրենց ձեռքով պատրաստած հայկական տոլմա»:

 

Փառատոնի մտահղացումն առաջացել է դեռ 2011 թվականին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց` եթե որևէ հայի հարցնեն, ինչ է տոլման, նա չի կարողանա պատասխանել:

 

«Ահա սա մեր պատասխանն էր նրա այս հայտարարությանը: Եվ իրոք, հետաքրքրվածությունն այս փառատոնի հանդեպ տարեցտարի աճեց: Արձագանքը հատկապես զբոսաշրջիկների շրջանում բավականին մեծ եղավ, այդ իսկ պատճառով  որոշեցինք շարունակել և դարձնել այս տոնակատարությունը ավանդական»,-ասել է Մամուլյանը:

 

Այս տարի նախատեսվում է, որ կներկայացվեն տոլմայի 70-75 տեսակներ, որոնցից նա առանձնացրեց Հադրութի տոլման, որը պատրաստվում է լոբու տերևի մեջ:

 

«Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնում նախատեսված են երեք գլխավոր անվանակարգեր` լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում, լինելու է նաև գլխավոր մրցանակ:

«Ուդուլի» տոլմայի 6-րդ փառատոնին կմասնակցի նաև հայկական բանակը