Մի օր արթնացանք ու հասկացանք, որ մեր կողքին ոչ ոք էլ չկա. Մարիամ Ալեքսանյանը՝ հոր կորստից հետո շրջապատի փոփոխության մասին
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Ամալյա Հովհաննիսյանի «Դեպի արմատներ» հաղորդման շրջանակուն խոսել է հոր կորստից հետո իր և ընտանիքի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Մարիամի խոսքով՝ հոր մահից հետո իրենց կողքին շատ քիչ մարդիկ են մնացել։ Նա նշել է, որ ժամանակի ընթացքում իր հոր ընկերներից շատերը պարզապես հեռացել են իրենց կյանքից։
«Պապային հիշեցնող, իհարկե, շատ-շատ բաներ կան, բայց նաև դրա հետ մեկտեղ վատ բաներ էլ կան։ Ես նշել եմ, որ պապայի մահից հետո մեր կողքին շատ քիչ մարդիկ մնացին։ Երևի կեսից շատը չկան։ Մենք հասկացանք, որ բոլորը երևի իրենց իրական դեմքերը ցույց տվեցին»,– ասել է նա։
Դերասանուհին ընդգծել է, որ չի խուսափում այդ մասին բարձրաձայնելուց։ Նրա խոսքով՝ հայրը շատ ընկերասեր մարդ էր, և այդ հատկանիշը փոխանցվել է նաև իրեն։
«Իմ պապան եղել է շատ ընկերասեր, այնքան, որ երևի դա իրենից է ինձ եկել, որ ես էլ եմ այսքան ընկերասեր ու գիտեմ՝ ինչ է ընկեր ունենալը։ Բայց իր մահից հետո, երևի, 98 տոկոսն իր ընկերությունից ուղղակի անհետացավ մեր կողքից»,– պատմել է Մարիամը։

Խոսելով այն մասին, թե այդ շրջանում ինչ աջակցության կարիք ունեին, որը չստացան, Մարիամը նշել է, որ նման իրավիճակում մարդ կարող է ամեն ինչի կարիք ունենալ։
«Մենք ամեն օր արթնացել ենք ու քնել ենք այն տան մեջ, որտեղ լիքը-լիքը ընկերներ էին, ու մի օր արթնացանք ու հասկացանք, որ ոչ մեկն էլ չկա»,– ասել է դերասանուհին։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ինքը սովորել է այլևս սպասելիքներ չունենալ մարդկանցից։
«Ես այնքան հաշտ եմ։ Այո, միգուցե երեք տարի առաջ իմ սպասելիքները շատ-շատ մեծ էին, բայց հիմա չկան։ Ես այդ սպասելիքներն այնքան եմ հասցրել զրոյի, որ բացարձակ չեմ էլ նեղվում կամ նեղսրտում, որ ինչ-որ մեկը մեր կողքին չի եղել, մեզ չի աջակցել»,– նշել է Մարիամը։







