Երևանում կկայանա «պլաստիկ» ներկայացում Անրի Վեռնոյի որդու նախաձեռնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիսի 28-ին Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու նմանը չունեցող պլաստիկ ներկայացում: «Հավերժություն» կոչվող պլաստիկ ներկայացումը յուրօրինակ է, քանի որ միանգամից մի քանի ժանրեր ու երաժշտական ոճեր է իր մեջ ընդգրկում:
Նախագծի ղեկավարը հայտնի ու սիրված ռեժիսոր Անրի Վեռնոյի որդին է` Պատրիկ Մալաքյանը:
Tert.am Youth-ը զրուցեց նախագծի բալետմայստեր Արման Ջուլհակյանի հետ, ով մանրամասնեց կայանալիք ներկայացման կարևոր դետալները:
«Այս ներկայացումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում. այն մի քանի ժանրերի «միքս» է՝ կրկես, երաժշտություն, հարվածային գործիքներ, պար։ Այս ամենի սինթեզի արդյունքում ստացվում է մի յուրօրինակ ներկայացում»,-ասաց Արման Ջուլհակյանը:

Բալետմայստերը նշեց, որ խմբի բոլոր անդամները Նոր Նորքի Հայորդաց տան սաներն են և միայն ռեժիսորը` Գրիգոր Խաչատրյանն ու մեներգչուհի` Լուիզա Երեմյանն են հրավիրված:

Ներկայացման գաղափարը ծնվել է 2 տարի առաջ, երբ Պատրիկ Մալաքյանը, որպես Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդաց տուն:

Տեսնելով երեխաների ներկայացումը որոշ ժամանակ անց Պատրիկ Մալաքյանն առաջարկեց այս նախագիծն իրականացնել, որը պետք է նվիրվեր Հայոց ցեղասպանությանը: Ներկայացման պրեմիերան կայացել է Մարսելում, ուր թիմին միացել է Մարսելի «JAF» խմբի դհոլահարներն ու պարողները:

Բալետմաստերը նշեց, որ ներկայացումն այնպես է մատուցվում, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ այն կարող է նայել ու ճանաչել հային, բայց նաև նշեց, որ այն հայ հանդիսատեսի համար առավել հարազատ է:

«Հունիսի 28-ից անմիջապես հետո կրկին աշխատելու ենք նույն թիմով Պատրիկ Մալաքյանի նոր նախագծի վրա: Այս անգամ մեր թիմին են միանալու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները և ստեղծելու ենք նոր ներկայացում, որի պրեմիերան լինելու է Նյու Յորքում: Գաղափարը Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական ներկայացնելն է»,-ասաց նախագծի բալետմայստեր Արման Ջուլհակյանը:







