Ժաննա Ֆրիսկեի մահվան տարելիցին համացանցում են հայտնվել նրա նոր երգերը
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան տարելիցի նախօրեին համացանցում է հայտնվել նրա վերջին երաժշտական ալբոմը, գրում է versia.ru կայքը:
Ութ երգ, որոնք նախկինում չեն կատարվել, պատրաստվում է թողարկել երգչուհու պրոդյուսեր և նախկին սիրեցյալ Անդրեյ Գրոզնին:
Գրոզնիի հետ համատեղ աշխատանքը նա սկսել է դեռ հայտնի «Блестящие» խմբում իր մասնակցության ժամանակ: Գրոզնիի հետ համագործակցությունը երգչուհին գաղտնի է պահել բոլորից, և նրա հետ միասին ձայնագրած երգերը նա պատրաստվում էր ներառել նոր ալբոմում: Սակայն մինչ աշխատանքն ավարտելը Ֆրիսկեն իմացել է իր ծանր հիվանդության մասին:
Հայտնի է, որ երգչուհու նոր երգերով հետաքրքրվել է մի քանի ձայնագրման ընկերություն, սակայն ներկայում նրանք հնարավորություն չունեն դրանք թողարկելու, քանի որ նախկինի պես բաց է մնում Ժաննա Ֆրիսկեի ժառանգության վերաբերյալ հեղինակային իրավունքների հարցը:
Երգչուհին մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ գլխուղեղի քաղցկեղից։







