Կապիտանը, շարքայինն ու հոգևորականը կատարում են Հայոց բանակին նվիրված երգ

11:41 • 16.06.16

Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնը հռչակված լուսահոգի կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «Հայոց բանակ» երգն արդեն ունի տեսահոլովակ:

 

Երգը ձայնագրելու, այնուհետև այն տեսահոլովակի վերածելու մտահղացումն առաջացել է զորամասի գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և 5-րդ Բանակային զորամիավորման համահավաք նվագախմբի դիրիժոր, կապիտան Դավիթ Արզումանյանի մոտ:

 

«Նախապես միայն նպատակ կար երգը ձայնագրել և նվիրել Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնադրման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմավորման 20 ամյակներին, սակայն ապրիլյան սահմանային աննախադեպ լարվածությունն ու մեր զինվորների հերոսական պայքարը մեզ հուշեց, որ այն նվիրվի նաև ապրիլյան մեր բոլոր հերոս զինվորներին: Խրոխտ և ոգևորող քայլերթը հաղթանակած Հայոց բանակի մասին է, որը կոչ է անո ւմ ոտքի ելնելու և Հայոց լեռներն ու Հայոց բանակը պատվով պահելու, զենքով ոգով, արիությամբ և հավատքով»,-ասում են մտահղացման հեղինակները:

 

Երգը կատարում են Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, կապիտան Դավիթ Արզումանյանն ու շարքային Վահե Մարգարյանը, ով «X Factor» նախագծի հաղթողներից է:

 

Երգի գործիքավորումը կատարել են Տիգրան Իշխանյանն ու Դավիթ Արզումանյանը, օպերատոր և ռեժիսորն է Աշոտ Մկրտչյանը:

 

Կապիտանը, շարքայինն ու հոգևորականը կատարում են Հայոց բանակին նվիրված երգ